Առաջարկվում է «Բյուջեի մասին» օրենքում և Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, և ճանապարհային ցանցի համար գումարներից հստակ վերաբաշխումներ անել կոնկրետ օբյեկտների համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով հերթական որոշումը:
«Մոտ 68 ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների է վերաբերում [որոշման նախագիծը], բայց՝ տարբեր փուլերում և կարգավիճակներում գտնվող: Մասնավորապես՝ նրանցից 9-ը շինարարության մեջ գտնվող ճանապարհահատվածներ են, իսկ մեկը՝ շինարարության մեջ գտնվող տրանսպորտային օբյեկտ: Ունենք 43 նախագիծ, որոնք տարբեր փուլերում են»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 6 միլիարդ 61 միլիոն դրամի մասին է խոսքը, որի մեջ 21,1 կիլոմետրը ճանապարհների շինարարություն է, մյուսները՝ տրանսպորտային օբյեկտներ ու նախագծեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր տարածքները, որտեղ որոշմամբ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել, ապա արձանագրեց. «Այս ճանապարհներով մենք լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու, որևէ կասկած չկա, որովհետև այդ բոլորը վայրերը, որոնց մասին խոսում ենք, տուրիստական շատ մեծ պոտեցիալ ունեն, և իհարկե, տրանսպորտային հանգույցների բեռնաթափման առումով շատ կարևոր է, որովհետև մեր ճանապարհներն արդեն էականորեն ծանրաբեռնված են»:
0Comments