Փորձեցի «Անա նանան քյե ղուրբան» երգը փնտրել Youtube-ում կամ համացանցում՝ զրո արդյունք բերեց. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Որոշման նախագծի մեջ կար մի երգ «Անա նանան քյե ղուրբան» վերնագրով, երբ կարդացի, փորձեցի այս անունը փնտրել Youtube-ում կամ համացանցում և գիտե՞ք քանի արդյունք բերեց՝ զրո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ոչ նյութական արժեքների փաստագրմանը ուղղված նախագծի քննարկման ժամանակ։

Մինչ այդ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում եւս 17 արժեք է ավելացվում, այդ թվում, օրինակ, Գյումրվի երգիծական բանահյուսությունը:

Փաշինյանն ասաց, որ եթե կառավարության այդ որոշմամբ նման ոչ նյութական արժեքները չարձանագրեն, ապա այն կորի։

Փաշինյանի խոսքով, ոչ նյութական ազգային արժեքներից է խոհանոցը, որը Ազգային անվտանգության ռազմավարության մեջ էլ են մտցրել։

Նա հիշեց, որ երբ գյուղեր է գնում երբեմն իրեն հյուրասիրում են ուտեստներ, որոնք իրեն անծանոթ  են. «Հետո հնարավոր է այլ առիթով, կամ հետաքրքրությունից դրդված մտնել 3 կմ հեռվում գտնվող ռեստորան և  հարցնել, թե այդ ճաշատեսակից ունեն և նրանք հարցնեն. «էդ ինչ է», այն դեպքում, երբ գործնականում 1 կմ այն կողմ մարդիկ այն իրենց կենցաղում օգտագործում են»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ նման մի քանի դեպքերից հետո հանձնարարել է գրանտային ծրագիր իրականացնել, որպեսզի մասնագետներն անցնեն բնակավայրերում և արխիվացնել այն։