Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով, սակայն նախորդող ամսվա՝ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ աճել է 1.2 տոկոսով:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունվարին՝ 2023-ի հունվարի նկատմամբ նվազել են 5.8 տոկոսով, սակայն 2023-ի դեկտեմբերի նկատմամբ ավելացել 2.2 տոկոսով: Ընդ որում՝ հունվարի նկատմամբ սննդամթերքն էժանացել է 6.1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել է 2.3 տոկոսով:
Իսկ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել են 7.4 տոկոսով, 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 0.3 տոկոսով:
Սննդամթերքից ամենաշատն էժանացել է մեծ սպառում ունեցող կարտոֆիլը, հունվարի նկատմամբ գնանկումը 40.3 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ նույն իրավիճակն է:
Ալյուրի և ձավարեղենի ապրանքախմբում 2024-ի հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ գրանցվել է 19.5 տոկոս գնանկում, իսկ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 0.7 տոկոս գնանկում:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2023-ի հունվարի նկատմամբ գնանկումը 8.8 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 0.2 տոկոս:
Մակարոնեղենի գները հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ նվազել են 11.9 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 0.7 տոկոսով: Մսի գինը 2024-ի առաջին ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.1 տոկոսով, իսկ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ աճել 0.4 տոկոսով:
Անարատ կաթի ապրանքախմբում հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ գնաճը կազմել է 3.4 տոկոս, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 1.1 տոկոս: Ձվի գները ևս բարձրացել են՝ հունվարի նկատմամբ՝ 1.1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 2 տոկոսով:
Ձուկն ու ծովամթերքը հունվարի նկատմամբ էժանացել են 6.5 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 1.4 տոկոսով:
Կարագի գները տարվա առաջին ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 6.7 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 1.5 տոկոսով: Ինչ վերաբերում է մարգարինի և բուսական յուղերի ապրանքախմբին, ապա 2023-ի հունվարի նկատմամբ գնանկումը 13.4 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ 0.8 տոկոս:
Շաքարի գինն այս տարվա առաջին ամսում 2023-ի առաջին ամսվա նկատմամբ նվազել է 5.8 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել է 0.5 տոկոսով:
Մրգերը 2023-ի հունվարի նկատմամբ էժանացել են 0.8 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ թանկացել 5.8 տոկոսով: Իսկ բանջարեղենի գներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել են 11.6 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել 12.4 տոկոսով:
Թանկացել է մանկական սնունդը, հունվարի նկատմամբ՝ 1.4 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 0.2 տոկոսով: Զովացուցիչ ըմպելիքները ևս թանկացել են, գները 2023-ի հունվարի նկատմամբ աճել են 4.8 տոկոսով:
0Comments