Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը:
Նա մանրամասնել է, որ խոսքն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասին է:
«Հանդիպման ընթացքում կալանավորները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, հայտնել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար: Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, հեռուստացույցի և էլեկտրոնային գրադարանի հասանելիություն ունեն, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից: Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները կալանավորներին հանձնել են Հայաստանից նրանց ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը:
Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները
Մանրամասներ
0Comments