ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։
MediaHub-ի հետ զրույցում Բաքոյանը ներկայացրեց, որ օրենքում նշված է՝ անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգեբարձուի համաձայնությունը և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է, սակայն վերջինիս առաջարկությամբ տարիքային շեմը պետք է բարձրացնել, որով, ըստ նրա, մի շարք խնդիրներ են լուծվելու։
«Օրինակներ կարող եմ բերել վաղ ամուսնացողների առողջական խնդիրների, սոցիալական խնդիրների, կրթության իրավունքի և այլնի մասին։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր է նվազեցնել կամ վերացնել այս խնդիրները։ Տարիքային շեմի բարձացումն այս պահին դեռ քննարկում ենք, հստակ չէ, բայց քննարկում ենք 17 կամ 18 տարեկանը, սակայն գործընկերներիս կողմից առաջարկ եղավ, որ այդ շեմը ավելի բարձր պետք է լինի»,-ասաց նա։
Բաքոյանի խոսքով՝ թե՛ գործընկերները, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչները կողմ են եղել նախաձեռնությանը և քննարկման ընթացքում ամեն մեկն իր առաջարկն է ներկայացրել։ Պատգամավորը ներկայացրեց նաև, որ ապագա փոփոխությունները վերաբերելու են նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններին։
Նշենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝
“Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է”:
0Comments