Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակություն։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջից։
«Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:
Սույն այցն իրականացվում է՝ հետամուտ լինելով ս․թ․ հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի հանձնարարականի կատարմանը` միտված լավագույն կերպով նախանշելու ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու տարբերակները:
Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ «Frontex»-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների ։
Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը», - ասված է հաղորդագրության մեջ։
0Comments