Համոզված եմ, որ դասագրքերի պատմությունը միայն սկիզմբ է։
Այս մասին «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը հանրապետության դպրոցներ ռուսաց լեզվով դասագրքերի դպրոցներին փոխանցելու գործընթացը կասեցնելու վերաբերյալ։
«Որովհետև մենք խոսելու ենք Գյումրիում մեր բազայի, ՀԱՊԿ-ին անդամակցության, Եվրասիական միությանն անդամակցության մասին։ Այս ամենը կգա ժամանակի հետ։ Պարզապես պարոն Փաշինյանը չի կարող ամեն ինչ միանգամից իրականացնել: Դե, ոչ բոլորն են նրա հետեւից հասցնում»,- նշել է ռուս քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը որոշել է օգտվել ստեղծված իրավիճակից՝ «Արեւմուտքի դեմ մեր պայքարից»։ «Նրանից, որ մենք հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում Ուկրաինայում։ Նրանք հնարավորություն ունեցան ազատվել իրենց քաղաքական հակառակորդներից՝ Ղարաբաղի հետ միասին: Նրանք դա արեցին և դրա պատասխանատվությունը գցեցին մեզ վրա։ Իսկ հիմա շտապում են Հայաստանը որքան հնարավոր է արագ այլ ուղղությամբ շրջել»։
«2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից։ Մենք ասացինք՝ դե գիտեք, այստեղ չենք կարող...
Դրանից հետո նա գնաց ընտրության։ Ընդդիմությունը դիմեց մեզ և խնդրեց, որ ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցենք իրենց։ Ասացինք՝ ոչ մի դեպքում, եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի, նա ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս պայմանագիրը, նա ստորագրած երեքից մեկն է... Եթե նա չկա, ուրեմն պատերազմական գործողությունները նորից կսկսվեն, մենք կներգրավվենք, մենք կներքաշվենք, մենք չենք ուզում ներգրավվել, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան: Իսկ հիմա հասել ենք նրան, որ դասագրքերն այլեւս չեն ընդունվում»,- նշել է Զատուլինը։
«Մենք մեր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ենք մտցրել՝ ելնելով պատերազմի արդյունքներից և երկու կողմերի հետ պայմանավորվածություններից, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և ինքը կասկած չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Անմիջապես մենք հայտնվեցինք շատ տարօրինակ դերում, այնտեղ մեր զինվորականները, ոչ թե որպես երկու կողմերի բաժանող են, այլ ընդհանրապես որեւէ մանդատ չունեցող մարդիկ։ Եվ մենք նորից հայտնվեցինք մի իրավիճակում, որ ասացինք՝ լավ, քանի որ Փաշինյանն ասել է, դե, նա ամենագլխավոր հայն է, նշանակում է՝ այդպես է։
Ի՞նչ իմաստ ուներ, որ մենք հետևեինք Փաշինյանին: Մենք պետք է պաշտպանեինք մեր վարկածը՝ մենք այնտեղ ենք, քանի որ առանց մեր ներկայության այնտեղ մշտական բռնության և արտաքսման սպառնալիք կա։
Ի՞նչ է պատահել: Պատահել է այն, որ այսօր այս ԼՂ-ում ոչ մի հայ չկա, հարյուր հազար մարդ գնացել է։ Սա իսկական տեղահանություն է Ադրբեջանի գործողությունների ազդեցության տակ, եւ մենք չենք վիճել այս հարցում՝ ստանձնելով խաղաղապահ գործառույթներ»։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ-ը նույնպես հարվածի տակ է հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց խորանալ դեպի Հայաստանի խորքը։ Սա իսկապես եղել է։ Պետք էր անհապաղ արձագանքել, գոնե զանգահարել, հրապարակային հայտարարել եւ այլն։ Սկսեցինք ուշ արձագանքել ու սրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ ճարպիկ մանիպուլյացիա է անում, մանիպուլյատոր է։ Սա միակ բանն է, որ նա գիտի, թե ինչպես անել, և անում է դա։ Եվ պետք է ասել, որ Ռուսաստանի նկատմամբ վստահության աստիճանն, իհարկե, նվազում է հենց Հայաստանում՝ կապված այն բանի հետ, որ առավոտից երեկո նրանց ուղեղները լվացվում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ»,- ասել է Զատուլինը։
0Comments