Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես է այրվում «արևմտյան այդքան շատ գովաբանված, իբր անխոցելի տեխնիկան»․ Պուտին

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝  Ուկրաինայի մի մասը գրավելու Լեհաստանի մտադրություններին և Ուկրաինայի հակահարձակմանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պուտինի համոզմամբ՝ Արևմուտքը հիասթափված է Կիևի նախաձեռնած հակահարձակման ընթացքից:

«(Ուկրաինային) չեն օգնում ո՛չ վիթխարի ռեսուրսները, որոնք տրամադրվեցին Կիևի ռեժիմին, ո՛չ արևմտյան զենքի՝ տանկեր, հրետանի, զրահատեխնիկա, հրթիռներ, մատակարարումը, ո՛չ էլ հազարավոր օտարերկրյա վարձկանները և խորհրդատուները, որոնք ամենաակտիվ կերպով օգտագործվում են մեր բանակի ճակատը ճեղքելու փորձերում»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հայտարարել է, որ ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես է «արևմտյան այդքան շատ գովաբանված, իբր անխոցելի տեխնիկան» այրվում: Բացի այդ, Պուտինն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները «հսկայական կորուստներ են կրել»։

«Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է», - ընդգծել է Պուտինը։

«Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հարց է առաջանում, օրինական հարց՝ հանուն ինչի՞, հանուն ո՞ւմ եսասիրական շահերի են մահանում նրանց հարազատներն ու ընկերները։ Աստիճանաբար, դանդաղ, բայց սթափվում են», - շարունակել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում հասարակական կարծիքը նույնպես փոխվում է։ Եվրոպացիները, ինչպես նաև եվրոպական վերնախավի ներկայացուցիչները տեսնում են, որ Ուկրաինային աջակցությունը վերածվում է փողի և ջանքերի վատնման, և արդյունքում՝ սպասարկում է «օտարերկրյա գլոբալ հեգեմոնի» շահերը, որին ձեռնտու է թե՛ Եվրոպայի թուլացումը, թե՛ ուկրաինական հակամարտության անվերջ երկարաձգումը, նշել է ՌԴ նախագահը։