Հայաստանը ՕՊԵԿ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար

Մանրամասներ
նիկոլ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրին` 50 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023-ի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետևյալ միջոցառումները, որոնք իրենց հերթին  բաղկացած են նաև ենթամիջոցառումներից.

Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող  շրջանակի բարելավում.

ա) հանրային ներդրումների կառավարում

բ)  էներգաարդյունավետության խթանում

գ)  մթնոլորտային օդի պահպանություն

դ)  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում.

ա) սոցիալական աջակցության համակարգի հասցեականության բարելավում

բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում:

Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում

ա) պետական օժանդակության գնահատում

բ)  արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար: