Իսրայելի բանակի՝ Գազայի հատված ցամաքային ներխուժման մեկնարկի ակնհայտ շարունակական ձգձգումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգին ուղղված ուղերձում պնդել է, որ ցամաքային ներխուժումը սպասվում է:
Նեթանյահուն ասել է, որ իրենց «գոյության համար պայքարի գագաթնակետին են»։ Նա շեշտել է, որ կա երկու նպատակ՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և վերադարձնել պատանդներին, գրում է timesofisrael.com-ը:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ երկիր պատրաստվում է ցամաքային գործողության, սակայն չի հայտարարի՝ երբ և ինչպես:
Նեթանյահուն հավելել է, որ միաձայն որոշում է կայացվել ցամաքային ներխուժման ժամկետների վերաբերյալ։
Նա Գազայի բնակիչներին կոչ է արել անկլավի հյուսիսային մասին հարավ տեղափոխվել:
Հիշեցնենք, որ Wall Street Journal-ը, վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա իր հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխել տարածաշրջան։
«Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին առ այն, որ Գազայի հատվածում սպասվող ցամաքային ներխուժումից առաջ նրանք տեղափոխեն իրենց հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում ամերիկյան զորքերին պաշտպանելու համար»,- ասվում է հոդվածում:
Սպասվում է, որ ԱՄՆ-ն կարող է համակարգերը փոխանցել արդեն այս շաբաթվա վերջին։
Պարբերականը, սակայն, նշում է, որ Իսրայելը նաև ջանքեր է գործադրում անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և պատանդներին ազատելու իր ցամաքային գործողությունների պլանավորման մեջ:
«Սակայն ամերիկացի զինվորականներին սպառնացող վտանգը առաջնային մտահոգություն է», - ասվում է նյութում՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
0Comments