Խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որ կա. ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքում տեղ գտած սխալների մասին

Մանրամասներ
Ժաննա Անդրեասյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝  7-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած 100-ից ավելի սխալների վերաբերյալ հարցին։

«Զգալի մասը նպատակաուղղված արշավ է՝ ընդդեմ հանրակրթության բովանդակային փոփոխությունների, որոնք նախաձեռնված են և, այո՛, հիքմում ունեն արժեբանական փոփոխություններ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դպրոցում կարևոր արժեքը պետությունն է ու պետականությունը։ Հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ, որից պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է և, ամենակարևորը, ունենալ տարբեր աղբյուրներ համեմատելու, վերլուծելու, ինքնուրյուն դատողություն կազմելու, որոնք այնքան բացակայում են մեր մեջ այդ, այսպես կոչված, «ուռա', հայրենասիրության» և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը և որից շատ դժվար է լինելու ազատվել», - ասաց նա։  

Նախարարը նշեց, որ իրենք ուշադիր են բոլոր բովանդակային դիտարկումներին, որոնք արվում են։ «Դասագրքերն առաջին տարին է, որ մտնում են դպրոց, և բոլոր այն դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական վրիապակներին, փաստական անճշտություններին, բոլորը վստահաբար կլրամշակվեն։ Արդեն երկրորդ կիսամյակի ընթացում կլինեն համապատասխան ուղղումները, բայց ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, որովհետև այդ մոտեցումներն են, որոնք կազմում եմ հանրակրթական առարկայի առանցքը»,-ասաց նա։