Փաշինյանը զգաց վտանգը․ Այս պահին փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ

Մանրամասներ
նիկոլ

Իմ տպավորությամբ, հնարավոր է Հայաստանն ընդհանրապես արեւմտյան հարթակներից հրաժարվի, որովհետեւ ես հիասթափություն եմ տեսնում Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Նա կատարեց այն, ինչ պահանջում էին իրենից, բայց չստացավ փոխարենը ըմբռնում: Ընդհակառակը, ստացավ նոր, ավելի խայտառակ պահանջներ Ադրբեջանի կողմից: Այս տեսակետից նա կարող է հիասթափվել եւ անցում կատարել ռուսական կողմ:

Այն, որ Ալիեւը ապտակում է եւ չի գնում Գրանադայի հանդիպմանը, սա նշանակում է, որ Արեւմուտքը ազդեցության լծակ թուրք-ադրբեջանական տանդեմի վրա կամ չունի, կամ էլ իսկապես, այս ամենը թատրոն է, չի ուզում այդ լծակները կիրառել: Արեւմուտքի համար հետաքրքիր են այն երկրները, որոնք հակամարտության մեջ են մտնում Ռուսաստանի դեմ, հակառուսական քաղաքականություն են վարում:

Իմ կարծիքով արեւմտյան հարթակները եւ անընդհատ քաշել տանելը բանակցությունները դեպի Բրյուսել ու Վաշինգտոն, մի նպատակ ուներ՝ սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ զրկել Մոսկվային հարավկովկասյան իր հենարանից»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, եթե Ալիեւը գնար Գրանադա եւ ստորագրեր խաղաղության պայմանագիրը, Հայաստանը ամբողջությամբ կընկղմվեր արեւմտյան ազդեցության մեջ, բայց Ալիեւը չգնաց եւ նորանոր պահանջներ առաջադրեց, միաժամանակ ազդարարելով, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը խորացնում են ռազմավարական համագործակցությունը: «Հավանաբար, Փաշինյանը զգաց դրա վտանգը, հավանաբար, հասկանալով, որ Արեւմուտքից կարող են լինել խոստումներ, բայց ոչ իրական քայլեր, եւ այս պահին փորձում է հավասարակշռել արեւմտյան եւ ռուսական ազդեցությունները՝ ինչ-որ տեղ անվտանգության երաշխիքներ ստանալով»,-ընդգծեց նա: