Արցախի նախագահը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել. «Ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում և ինչ քայլերի հետևանքով Արցախն ընկավ»

Մանրամասներ
արցախ շահրամանյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը երեկոյան ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի կառավարության եւ օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Խորհրդակցության օրակարգում ԱՀ նախագահի կողմից մի քանի կարեւոր թեմաներ են արծարծվել։

Սամվել Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության եւ, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։

Դրանք առաջին հերթին Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ ԱՀ բարձրաստիճան ղեկավարության վերադարձի ուղղությամբ իրականացվելիք քայլերն են։

Հանձնարարել է ցանկացած հարթակ, միջոց օգտագործել՝ ի նպաստ այդ գործին:

Երկրորդն Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին լուծում տալու եւ նրանց աշխատանքով ապահովելու հարցերն են։

Մեզ պատմեցին, որ ԱՀ նախագահը նաեւ քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, թե ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում եւ ինչ քայլերի հետեւանքով Արցախն ընկավ:

Եվ ներկաներին հորդորել է՝ ոչնչով չխոչընդոտել արցախցիների պայքարի իրավունքն իրացնելուն, հակառակը` այդ ուղղությամբ աշխատանքներ տանել»: