Բելառուս-ՆԱՏՕ անմիջական ռազմական բախում է սպասվում․ Բելառուսի պաշտպանության նախարար

Մանրամասներ

Բազմաթիվ երկրներ միացել են Արևմուտքի դեմ պայքարին՝ պաշտպանելով իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը, Միջազգային անվտանգության մոսկովյան XI կոնֆերանսում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, փոխանցում է Белта-ն։

«Այսօր այդ պայքարը վերածվել է Ուկրաինայի տարածքում Արևմուտքի և Արևելքի միջև գլոբալ առճակատման։ Միևնույն ժամանակ, այնտեղ ծավալված պրոքսի պատերազմն իրականում մոլորակը կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով, միակ բանը, որ հետ է պահում Արեւմուտքին լայնածավալ պատերազմ սանձազերծելուց, միջուկային պատասխանի սպառնալիքն է։

«Պատահական չէ, որ Բելառուսը մարտավարական միջուկային զենքի վերադարձն իր տարածք համարում է ռազմավարական զսպման արդյունավետ գործոն»,- ասել է նախարարը։

Նա ասել է, որ ապագայում ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական բախման հնարավորությունը շատ ակնհայտ է թվում, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա կարծիքով՝ Արևմուտքում ինտենսիվ ռազմական նախապատրաստություններ են իրականացվում, դրա համար հսկայական գումարներ են ներդրվում։