Համաշխարհային բանկի խումբն Ուկրաինային հատկացնում է 1,75 միլիարդ դոլարի չափով օգնության փաթեթ:
Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Կազմակերպության մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ դրանից 500 մլն դոլարը Համաշխարհային բանկի վարկն է` Մեծ Բրիտանիայի երաշխավորությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից 1,25 մլրդ դոլարի և Ֆինլանդիայի կողմից 15 մլն դոլարի դրամաշնորհը։
Նշվում է, որ միջոցները տրամադրում են Ուկրաինայում վարչակազմի գործունեությունը պահպանելու պետական ծախսերի ծրագրի շրջանակներում։
Այս նախագիծը ներառում է Համաշխարհային բանկի և այլ գործընկերների վարկեր ու դրամաշնորհներ, ներկայում դրա գումարը կազմում է 19,745 միլիարդ դոլար:
Լոնդոնում նախօրյակին անցկացվել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողով, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտնել է, որ Լոնդոնը երեք տարվա ընթացքում 3 միլիարդ դոլար գումարի վարկերի երաշխիքներ կտրամադրի Ուկրաինային: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին ավելի քան 1,3 մլրդ դոլար կհատկացնի էներգահամակարգի և ենթակառուցվածքի արդիականացման համար։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն իր կողմից հայտարարել է Կիևին 381 միլիոն եվրո գումարի նոր մարդասիրական օգնության տրամադրման մասին։
0Comments