ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՊԵԿ-ում աշխատավարձերի ու պարգեւատրումների վերաբերյալ երեկ մամուլում շրջանառվող լուրերի մասին պարզաբանում է ներկայացրել:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի եւ պարգեւատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են եւ բացահայտ սուտ են:
Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգեւատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետեւապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ նման պարգեւատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ անձնական տեղեկատվության պահպանման եւ գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել:
Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգեւատրումների ընդհանուր թվային պատկերը եւ այս ամենը թափանցիկ է:
Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ը, ի տարբերություն մյուս պետական մարմինների, ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ եւ պարգեւատրումներ տրամադրելու, որովհետեւ, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով եւ դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների եւ պարգեւատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը:
Մյուս կողմից, հարկ է ընդգծել, որ, օրինակ՝ 2019-ին այդքան մեծ պարգեւատրման չափեր սահմանված չեն: Թեեւ, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով եւ հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով եւ իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգեւատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել:
Հետեւաբար 2018թ. ՊԵԿ-ը, ունենալով հնարավորություն, վճարել է պարգեւատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգեւատրումներից:
Ընդ որում, պարգեւատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային եւ մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է, որ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում պարգեւատրումների եւ ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության եւ դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:
Հետեւապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգեւատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»:
Նշենք, որ Yerevan.today կայքի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին յոթանիշ աշխատավարձ եւ պարգեւատրումներ են ստացել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:
0Comments