Ինձ համար Սիլվիոն թանկ մարդ էր, իսկական ընկեր. Պուտինը՝ Բեռլուսկոնիի մասին

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային՝ երկրի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտա՛լիա» կուսակցության հիմնադիր Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ։ Իր հեռագրում ՌԴ նախագահը Բեռլուսկոնիին անվանել է «թանկ մարդ» և «իսկական ընկեր», գրում է kommersant.ru-ն:

«Ռուսաստանում Սիլվիո Բեռլուսկոնիին կհիշեն որպես մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման հետևողական և սկզբունքային կողմնակից։ Ինձ համար Սիլվիոն թանկ մարդ էր, իսկական ընկեր։ Ես միշտ անկեղծորեն հիացել եմ նրա իմաստությամբ, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում հավասարակշռված, հեռատես որոշումներ կայացնելու նրա կարողությամբ։ Նրա հեռանալը կյանքից անդառնալի կորուստ է և մեծ վիշտ»,- ասված է ուղերձում։

Հունիսի 12-ի առավոտյան մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Քաղաքական գործիչը կյանքից հեռացել է այսօր Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում։ Նախկին վարչապետը, «Առա՛ջ, Իտա՛լիա» (Forza Italia) կուսակցության առաջնորդը 86 տարեկան էր:

Բեռլուսկոնին հոսպիտալացվել էր անցյալ ուրբաթ: Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և լեյկեմիա:

Բեռլուսկոնին ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին Միլանում։ Ավարտել է Միլանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մինչ քաղաքականությամբ զբաղվելը զբաղվել է բիզնեսով։

1994 թվականի ընտրություններում նրա ստեղծած «Առա՛ջ, Իտա՛լիա» կուսակցությունը աջ կենտրոնամետ կոալիցիայի կազմում հաղթել է, և Բեռլուսկոնին ընտրվել է վարչապետ, բայց մեկ տարի չանցած՝ 1995 թվականի հունվարին, նա հրաժարական է տվել։ Քաղաքական գործիչը 2001 թվականին կրկին կարողացել է ստանձնել վարչապետի պաշտոնը և նախարարների կաբինետի ղեկավարում մնացել մինչև 2006 թվականը։

Ընդդիմության մեջ գտնվելու կարճ ժամանակահատվածից հետո Բեռլուսկոնիի կուսակցությունը, որն արդեն կոչվում էր «Ազատության ժողովուրդ», և նրա դաշնակիցները ջախջախիչ հաղթանակ տարան 2008 թվականի ընտրություններում։ Այս անգամ Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2011 թվականի նոյեմբերը, երբ զարգացող տնտեսական ճգնաժամի և Իտալիայի սուվերեն պարտքի նկատմամբ եվրոպական բորսաների անվստահության ֆոնին նա ստիպված էր հեռանալ պաշտոնից։