Ատեստավորման արդյունքներով ոստիկանության զորքերի շարքային զինծառայողը կարող է ստանալ մինչև 190 հազար դրամ հավելավճար

Մանրամասներ

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։

Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Դեռևս անցած ամիս արդեն իսկ Ազգային ժողովը հաստատել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և մեկամսյա ժամկետում Կառավարությունը պետք է հաստատեր ատեստավորման կարգը, նաև՝ հավելավճարների չափերը։ Ըստ այդ կարգով նախատեսվում են ատեստավորման անցկացման առանձնահատկությունները։

Ատեստավորումը իրականացվելու է երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, որով ստուգվելու է ոստիկանության ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում՝ գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։

Յուրաքանչյուր հաջորդ փուլը ոստիկանությունը հնարավորություն ունի անցնելու նախորդ փուլի անցողիկ շեմը միայն հաղթահարելու պայմաններում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկանում են շատ թափանցիկ լինի գործընթացը և որևէ մարդկային միջամտություն չլինի, ատեստավորումը իրականացվելու է թեստային մակարդակով էլեկտրոնային պլատֆորմի միջոցով»,- ասաց Սարգսյանը։

 Նրա խոսքով՝ թեստավորման մասնագիտական բաժնի արդյունքներով ծառայողի մասնագիտական գիտելիքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար» հետևյալ համամասնությամբ. «գերազանց»՝ 45-50 միավոր, «լավ»՝ 35-44 միավոր, «բավարար»՝ 26-34 միավոր, իսկ «անբավարար»՝ 0-25 միավոր։

«Ըստ արդյունքների՝ կորոշվի հավելավճարների չափերը»,- հավելեց Սարգսյանը։

Ըստ նախագծի, օրինակ, ոստիկանության զորքերի շարքային զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ մինչև 190 հազար դրամի հավելավճար, մայորը՝ մինչև 350 հազար դրամ, իսկ գնդապետը՝ մինչև 560 հազար դրամ։