Ես թույլ չեմ տա 3-րդ համաշխարհայինի սկսում. Մասկը պատասխանել է Ուկրաինայում Starlink-ի հասանելիությունը վերականգնելու կոչին

Մանրամասներ

Ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելին SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկին կոչ է արել վերականգնել Starlink ինտերնետ կապի արբանյակների ամբողջական հասանելիությունն Ուկրաինայում։ Ի պատասխան Մասկն ասել է, որ թույլ չի տա երրորդ համաշխարհային պատերազմի սկսում։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, տիեզերագնացը իր կոչն արել է Twitter-ում։ Քելին կոչ է արել «վերականգնել Starlink արբանյակների լիարժեք ֆունկցիոնալությունը» և ընդգծել, որ ցանցի աշխատանքը կապված չէ հարձակողական նպատակների հետ։

SpaceX-ի ղեկավարն արձագանքել է՝ ասելով, որ Քելին այնքան խելացի է, որ «կուլ չտա քարոզչական անհեթեթությունը»։

«Starlink-ն Ուկրաինայի հաղորդակցության ողնաշարն է, հատկապես առաջնագծում, որտեղ գրեթե բոլոր այլ ինտերնետային կապերը ոչնչացվել են:Բայց մենք թույլ չենք տա հակամարտության սրում, որը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»,- պարզաբանել է գործարարը։

Մեկ այլ «թվիթում» Մասկը գրել է, որ SpaceX տերմինալները, «ինչպես մյուս առևտրային ապրանքները, մասնավոր օգտագործման համար են, ոչ թե զինվորականների»:

«Մենք պայքարում ենք ճիշտ բան անելու համար, բայց «ճիշտը» չափազանց բարդ բարոյական խնդիր է», - ասել է Իլոն Մասկը:

Ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր SpaceX-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 24 000 Starlink տերմինալ։ Դեկտեմբերին Կիևը հայտարարել է, որ կստանա ևս 10 000 տերմինալ։

Փետրվարի 9-ին SpaceX-ը սահմանափակել է ուկրաինացի զինվորականների հասանելիությունը Starlink արբանյակային կապին՝ անօդաչու սարքերը կառավարելու համար:Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը SpaceX-ին կոչ է արել որոշել, թե ում կողմից է այն։