«Դե, հիմա հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ». հրդեհից զոհված Արամ Մանուկյանի գրառումը

Մանրամասներ

Այսօր լույսը բացվեց զարհուրելի լուրով՝ «Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»:

Ավելի ուշ սոցիալական ցանցերում հրապարակվեցին զոհերի անունները, լուսանկարները:

Ի դեպ, մինչ այս պահը Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հրապարակել զոհերի ու վիրավորների անունները:

Հանցավոր անփութությունից, ամենաթողությունից ու բարդակից ծնված ողբերգության զոհերից մեկը Արամ Մանուկյանն է. մտերիմների գրառումներից տեղեկանում ենք՝ մոտ մեկ ամսից պետք է զորացրվեր:

Արամը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին՝ ջերմուկյան սրացումից 10 օր անց իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դե, հիմա հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։

Հիմա հասկանո՞ւմ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած…

Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ…

Պիտի վախենանք` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։

Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք…

երևի…

Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին…»:

Արամը մարգարեացավ: Նրա վաղն այդպես էլ չեկավ, նա չտեսավ իր վերադարձը, նրա «վաղը» խեղդվեց կեսգիշերի կրակի՝ ամեն ինչ մոխրացնող կրակի մեջ:

Սկզբնաղբյուր