Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը լայն արձագանք է գտել նաև Թուրքիայում:
Թուրքական լրատվամիջոցները Մակրոնի որոշումը որակել են «սկանդալային», «սադրիչ» և «սենսացիոն», իսկ ցեղասպանություն բառն օգտագործել են չակերտների մեջ:
Առաջինը լուրի մասին հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից է եղել: Լրատվամիջոցը թվարկել է եվրոպական այն բոլոր երկրների անունները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ պաշտոնական Անկարան հերքում է ցեղասպանության վարկածն ու շեշտում, որ «1914 – 1921 թվականներին տեղի ունեցած փոխադարձ բախումների ժամանակ» մահացել են նաև բազմաթիվ թուրքեր:
Թուրքական լրատվամիջոցները հիմնականում մեջբերել են նաև Մակրոնի խոսքերն Անկարայի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հակամարտության ու մարդու իրավունքների և ազատությունների հարցում Թուրքիայի հետ ունեցած որոշ տարակարծությունների մասին:
Թեմային անդրադարձել են նաև թուրքական «Յենիչաղ», «Աքշամ», «Սթար» պարբերականները, gazeteduvar.com.tr, haberler.com, bursahaber.com, gercekgundem.com կայքերն ու այլ լրատվամիջոցներ:
0Comments