Աշխարհում կուտակված հարստության 2/3-րդը պատկանում է մոլորակի բնակչության ամենահարուստ 1%-ին

Մանրամասներ

Վերջին քսանհինգ տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհն ականատես է լինում ծայրահեղ աղքատության և ծայրահեղ հարստության միաժամանակյա աճի։ Կորպորացիաները և նրանց սեփականատերերը շահում են տարբեր ճգնաժամերից: Այս մասին ասվում է Oxfam բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի առաջին օրը, գրում է dw.com-ը:

«Ամենահարուստների գոյատևումը» վերնագրված զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ 26 տրիլիոն դոլարը կամ համաշխարհային հարստության գրեթե 62 տոկոսը, որը կուտակվել է 2020 թվականից սկսած COVID-19 ճգնաժամից ի վեր, հայտնվել է մոլորակի բնակչության ամենահարուստ 1 տոկոսի ձեռքում։ Մինչդեռ Երկրի բնակչության մնացած 99 տոկոսին բաժին է ընկնում ընդամենը 16 տրիլիոն դոլար կամ այդ աճի 38 տոկոսը:

Մեկ տարի առաջ միլիարդատերերի հարստությունը կրկին կտրուկ աճել է՝ շնորհիվ «սննդայինի և էներգետիկայի ընկերությունների աճող շահույթի»։ Ըստ Oxfam-ի՝ այս ընկերությունների 95 տոկոսն ավելի քան կրկնապատկել է իր շահույթը 2022 թվականին։

Երկրի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը սովի է մատնված

Միևնույն ժամանակ, առնվազն 1,7 միլիարդ աշխատող ապրում է այն երկրներում, որտեղ գնաճը ներկայումս գերազանցում է աշխատավարձի աճը, նշվում է զեկույցում։ Ավելի քան 820 միլիոն մարդ, կամ Երկրի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ սովի է մատնված. նրանց մոտ 60 տոկոսը կանայք և աղջիկներ են։

Սա, հավանաբար, աշխարհի կտրվածքով անհավասարության և աղքատության ամենամեծ աճն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, գրում է կազմակերպությունը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները։

Oxfam-ը կոչ է արել ամբողջ աշխարհի կառավարություններին բարձրացնել հարստության, ինչպես նաև գերշահույթի հարկերը, որպեսզի հնարավոր լինի կանխել աղքատության և սովի տարածումը: