Մոսկվան հայտնում է «եռակողմ հայտարարությանը» սպառնալիքի մասին. Արցախի նախագահը Փարիզում «խաղաղապահների» համար մանդատ է մուրում 

Մանրամասներ
ա

«Մենք շարունակում ենք արձանագրել արևմտյան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր եռակողմ ձևաչափերի մեջ խցկվելու համառ ցանկությունը։ Եվ որքան էլ փորձեն Բրյուսելում և Վաշինգտոնում այլ կերպ ներկայացնել, դրա հետևում Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունն է, այլ ոչ թե խաղաղության հաստատմանն իրական և անկեղծորեն օգնելը», ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն «վախենում են» ընդունել, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերը «առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանում կարգավորման համար»:

Մոսկվան միտումնավոր նենգափոխում է հասկացությունները՝ լեգիտիմ միջազգային միջնորդությունը որակելով որպես «եռակողմ համաձայնությունների մեջ խցկվելու Արևմուտքի փորձեր»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ ագրեսիայի քննարկումների տապալում, ԵԱՀԿ-ի չեզոքացում, Արցախ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքի արգելք. ահա հայկական խնդիրների իրավական քննարկումները չեզոքացնելու Մոսկվայի «միջնորդության» ուղղվածությունը։

Անկախության հռչակումից ի վեր 30 տարի հայկական վերնախավերի «հայեցակարգը» հետեւյալն է եղել՝  «մենք փոքր երկիր ենք, և ավելի լավ է կառչել Ռուսաստանին, քան Թուրքիային», ապահովելով հուսալի ալիբի Հայաստանը բռնազավթած այս ոճրագործների համար։ 30 տարի իրար հաջորդող վարչակարգերը չեն արել քայլեր, որոնք կարող էին Հայաստանը դարձնել իրապես ինքնիշխան ազգային պետություն:

Երեւանն այդպես էլ խորհրդարանում քննարկման չդրեց Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական ռազմական արշավի քաղաքական գնահատականի, 1921-ի ռուս-թուրքակական պայմանագրերի, Նախիջեւանի կարգավիճակի, Հայաստանի հետ Արցախի վերամիավորման վերաբերյալ որոշման քննարկումները, այլ հիմնարար հարցեր։ Երեւանը գնահատական չտվեց եւ Մոսկվայի ու Բաքվի կողմից բազում խախտումների հիմքով չեղյալ չհայտարարեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այդպիսով ռուս-թուրքական ոճրագործությունը հուսալիորեն պաշտպանելով միջազգային իրավական գնահատականներից ու հնարավոր տրիբունալից։

Դենիս Գոնչարն ու նրա ղեկավարներն անհանգստացած են եռակողմ համաձայնագրերին սպառնացող վտանգից, եւ դա պատահական չէ՝ Ուկրաինայի դիմադրության շնորհիվ իրավիճակ է փոխվել, այդ թվում միջազգային իրավունքի առումով։ Արցախի ղեկավարությունը Փարիզում մուրում էր միջազգային մանդատ ռուս «խաղաղապահների» համար՝ այդպիսով ի ցույց դնելով դրանց ոչ լեգիտիմությունը։ Ռուսական կայսերական քմահաճույքների սպասարկումը Հայաստանը վերածել են կրկնակի թիրախի՝ տարածաշրջանից Ռուսաստանի անխուսափելի հեռանալու շեմին։

Սկզբնաղբյուր