Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ

1

Ընդդիմադիր պատգամավորները երկար ժամանակ չեն գալիս խորհրդարան՝ քննարկելու մի շարք կարևոր օրենքներ, սակայն հենց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցը բարձրացավ, եկան նրան պաշտպանելու։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնայնը։

«Նրանք չեն գալիս Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության, չեն գալիս տարբեր օրենքների ընտրության ժամանակ, գալիս են այն ժամանակ, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցն է բարձրանում, գալիս են Զատուլինին պաշտպանելու համար: Իրենք ՀՀ պատգամավորներ են, չեն գալիս նիստի այնքան ժամանակ, մինչև Զատուլինի թեմա է լինում, գալիս են։ Հասկանու՞մ եք»,- նշեց նա:

Հարցին՝ ընդդիմությունը կրկին, այս անգամ նոյեմբերի 5-ին հանրահավաք է կազմակերպում, ինչպիսի՞ն է իշխանության վերաբերմունքը, Սիմոնյանն ասաց.

«Ինձ մոտ տպավորություն է, որ իրենց մոտ կարգախոս կա ռուսերեն հնչող՝ "никогда не сдавайся, позорься до конца"։ Տպավորություն է, որ իրենք այդ կարգախոսով են առաջ շարժվում։ Ցավում եմ, Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Ես ուղղակի ապշում եմ՝ ինչպես կարելի է չհասկանալ, որ իրեն ուղղակի դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք ընդդիմություն ենք եղել և գիտենք՝ հանրահավաքը երբ, ինչի համար պետք է անել, երբ պետք է կանգ առնես, չշարունակես»:

Հարցին՝ արդյոք Մոսկվան դիմե՞լ է Երևանին, որպեսզի պարզաբանում ստանա ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան արգելքի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ նման տեղեկության չի տիրապետում։

«Ես տեղեկություն չունեմ, որ այդպիսի դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ՝ եթե դիմում լինի, համարժեք պատասխանը կլինի: Եվ ես կարծում եմ՝ այդ որոշումը շատ տեղին է, կարելի է ասել՝ մի քիչ ուշացած: Կարծում եմ՝ էլի մարդիկ կան, որոնք, ՀՀ շահերը ոտնահարելով, պետք է գիտակցեն, որ այլևս իրենք ՀՀ-ում անցանկալի անձ են»,- ընդգծեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ սակայն, սա չի նշանակում, թե ՌԴ-ն այլևս մեզ համար անցանկալի պետություն է: Պետք չէ այդ ուղղությամբ շեշտադրումներ անել։

«Նման բան գոյություն չունի. այո՛, կան հարցադրումներ, որոնք մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար, բայց մի՛ տարեք այն ուղղությամբ, որ դա նշանակում է, թե մենք այլևս դաշնակից պետություններ չենք: Մենք ՌԴ-ից ակնկալում ենք իրենց պայմանագրերով և իրենց ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա ռեալ քայլեր»,- նշեց ԱԺ նախագահը։

Վերջինիս նկատառմամբ՝ ՌԴ իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մշտապես նշում է, որ ՀՀ-ում այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է, ինչի հետ նրանք համաձայն են:

«Վերջին այցի ժամանակ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց՝ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Այսօր մենք ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ»,- ասաց ԱԺ նախագահը: