Քարդաշյանները ժամանել են Վենետիկ՝ մասնակցելու Բեզոսի և Սանչեսի հարսանեկան շքեղ արարողությանը
Հունիսի 27, 2025

Քարդաշյանները ժամանել են Վենետիկ՝ մասնակցելու Բեզոսի և Սանչեսի հարսանեկան շքեղ արարողությանը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և լրագրող Լորեն Սանչեսը հունիսի 26-ին Վենետիկում պատրաստվում են սկսել եռօրյա շքեղ հարսանեկան տոնակատարությունները՝ խիստ անվտանգության միջոցառումներով՝ պաշտպանելու իրենց VIP հյուրերին ցուցարարներից։ Այս մասին, Առաջին լրատվականի փոխանցմամբ, հայտնում է Reuters-ը։

Օփրա Ուինֆրին, Քրիս Ջենները, Քիմ և Քլոե Քարդաշյանները վերջին ժամանած հյուրերի թվում էին, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և փեսան՝ Ջարեդ Քուշները, որոնք ժամանել էին հունիսի 24-ին, օգտագործել են լրացուցիչ ժամանակը տեսարժան վայրեր այցելելու և գնումներ կատարելու համար։

Ակնկալվում է, որ շոու-բիզնեսի, քաղաքականության և ֆինանսական ոլորտի մոտ 200-250 հայտնի ներկայացուցիչներ կմասնակցեն հարսանիքին, որն անվանում են «դարի հարսանիք», և որը գնահատվում է 40 միլիոնից մինչև 48 միլիոն եվրո։ 

Բեզոսն ու Սանչեսը հունիսի 25-ին ուղղաթիռով վայրէջք են կատարել Վենետիկում և ժամանել շքեղ «Աման» հյուրանոց, որտեղ Մեծ ջրանցքի տեսարանով սենյակները մեկ գիշերվա համար արժեն առնվազն 4000 եվրո։

Հունիսի 26-ի երեկոյան հյուրերը կհավաքվեն Կանարեջոյի հրապարակում գտնվող Մադոննա դել’Օրտո միջնադարյան եկեղեցու մոտ, որտեղ պահվում են 16-րդ դարի նկարիչ Տինտորետտոյի գլուխգործոցները։

Բեզոսի ու Սանչեսի պսակադրությունը տեղի կունենա հունիսի 27-ին Սուրբ Մարկոսի գլխավոր հրապարակի դիմաց գտնվող Սան Ջորջո փոքրիկ կղզում։

Տոնակատարությունները կավարտվեն հունիսի 28-ին գլխավոր հարսանեկան խնջույքով, որը տեղի կունենա արևելյան Կաստելոյի շրջանում գտնվող Արսենալի սրահներից մեկում, որը միջնադարում հսկայական նավաշինարան էր։

Rate this item
(0 votes)

Լրահոս