«Էդ ստահակը իմ ժողովրդին անասու՞ն էր անվանել. իրենց կողմնակիցներին էլ բաժանում են բջերի ու էշերի». Պապոյանը՝ չբացառեց, որ ՀՅԴ–ն կասեցվի
Հունիսի 27, 2025

«Էդ ստահակը իմ ժողովրդին անասու՞ն էր անվանել. իրենց կողմնակիցներին էլ բաժանում են բջերի ու էշերի». Պապոյանը՝ չբացառեց, որ ՀՅԴ–ն կասեցվի

Ես ուսումնասիրել եմ ԱԺՄ ՀՅԴ-ական մամուլը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ. Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի նկատմամբ օգտագործվում էր նույն բառապաշարը այդ նույն շրջանակների կողմից, ինչ որ հիմա օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Բացարձակ նույն բառապաշարը, գնացեք, կարդացեք դաշնակցական, ԱԺՄ–ական թերթերը, 1999 թվականի հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ի՞նչ էին իրենք գրում Վազգեն Սարգսյանի մասին, ի՞նչ են իրենք գրում Կարեն Դեմիրճյանի մասին։

Սա նշանակում է, որ ի տարբերություն 1999 թվականի, երբ որ օրինակ Հայաստանի ԱԱԾ–ն և իր ղեկավարը, չեմ կարող ասել միտումնավոր, թե ոչ միտումնավոր, թերի են աշխատել և տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը։ Հիմա Հայաստանի ԱԱԾ–ն և մյուս իրավապահ մարմինները աշխատել են փայլուն և նոր հոկտեմբերի 27-ը տեղի չի ունեցել Հայաստանում։

Բա որ ասում են՝ պատի տակ այսքան մարդու պետք է գյուլլենք, հետո այսքան մարդուն կբռնենք, հետո այն մյուսի ընտանիքներին այսպես կանենք, հետո այնպես կանենք, որ ասում են՝  ավտոբուսի վրա յուղ կլցնենք, կայրենք, էդ ի՞նչ է։ Այդ ավտոբուսներում ում պիտի այրեին։

Ես կարծում եմ, որ բոլոր հանցագործ խմբավորումները, որոնք որ աշխատում են պետականության դեմ, պլանավորում են հեղաշրջում, այդ թվում ոչ միայն քաղաքական գործիչներին սպանելով, այլ նաև սովորական մարդկանց, որովհետև երբ որ ինքը ասում է՝ պետք է օրինակ ավտոբուսի վրա յուղ լցնել և այրել, այդտեղ աշխատանքի գնացող սովորական քաղաքացիներ են ավտոբուսների մեջ, գործարարներ չեն, իշխանության ներկայացուցիչներ չեն։ Երբ այդպիսի բան է պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետք է օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել և տանել, նստացնել Նաիրի Հունանյանի կողքը։ Որովհետև իրենք Նաիրի Հունանյանից ոչ մի բանով չեն տարբերվում»,– հայտարարեց Պապոյանը։

Երբ նախարարին հիշեցրին, որ կա անմեղության կանխավարկած և դեռ ոչինչ ապացքուցված չէ,  նա ասաց. «ճիշտ եք ասում, ես համաձայն եմ, բայց ես երեկ լսեցի փաստաբանին, որ ընդունեց, որ ձայնագրության մեջ Վազգեն Գալստանյանն է։ Փաստորեն ստացվում է, որ Վազգեն Գալստանյանը մեր ժողովրդին անվանում է... ի՞նչ էր անվանել մեր ժողովրդին էդ ստահակը, անասո՞ւն էր անվանել։ Իմ ժողովրդին անվանել էր անասո՞ւն էդ ստահակը։ Այդ հանցագործ խմբակները, այդ ստահակները, այդ սրբապիղծները մեր ժողովրդին  լավ չեն ճանաչում, որովհետև նա, ով իմ ժողովրդին ասում է՝  անասուն, իսկ այդ ձայնագրության մեջ այդ ստահակը մեր ժողովրդին այդպես են անվանում, իրենց կողմնակիցներին էլ բաժանում են բջերի ու էշերի... Իրենց դեմքը պատռվել է, էլ հնարավոր չի իրենց փրկել։

Իմ ժողովրդին անասուն անվանող, իշխանության հասնելու համար  իմ ժողովրդին ավտոբուսի մեջ վառել ցանկացող, պետական այրերին պատի տակ գնդակահարել ցանկացող մարդուն ԱԱԺ–ի պադվալ նետելը օրենքի խիստ պահանջ է»,– ընդգծեց Պապոյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ որոշ կուսակցությունների գործունեություն կասեցվի, Պապոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց եթե պարզվի, որ մի կուսակցություն տեռորիստական կուսակցություն է, այսինքն ևս մեկ անգամ պարզվի, որ այս փուլում էլ է ինքը տեռորիստական կուսակցություն, ապա ինչու ոչ։

Որովհետև եթե ինչ-որ փուլերում պարզվել է, որ ինքը տեռորիստական է և մեր դատարանների որոշմամբ, որպես տեռորիստական կուսակցություն, իր գլխավորները գնացել և դատապարտվել են, հետո առանց դատարանի որոշումների կամ քաղաքական փոփոխության արդյունքում ինչ-որ մարդիկ դուրս են եկել բերդերից, դա գոնե մեր դատարանները ապացուցել են 90-ականներին«–ասաց նա։

Նշենք, որ այս դեպքում խոսքը ՀՅԴ–ի մասին է, որոնց ղեկավարները բանտից դուրս եկան 1998 թվականին իշխանափոխությունից հետո «քաղաքական իրադրության փոփոխության» հիմնավորմամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս