Live24.am-ը ներկայացնում է Իրան-Իսրայել պատերազմի իրավիճակը 22։00-ի դրությամբ՝ ըստ միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամ ալիքների։
Օրվա ընթացքում Իսրայելը շարունակել է ակտիվ հարձակումները Իրանի տարածքի վրա՝ ընդլայնելով հարվածների աշխարհագրությունը։
Դիվերսիա է գրանցվել ջրատարներից մեկի վրա՝ կոյուղու վթար։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել Իրանի մայրաքաղաքում առնվազն 20 ավտոմեքենաների պայթեցման մասին:
Reuters-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի հարձակումների արդյունքում առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել: Նրանցից մի քանիսը զոհվել են ականապատ մեքենաների պայթյունից։
Տուժել են Շիրազը, Սպահանը և Մաշհադի օդանավակայանը։ Իսրայելը հարձակվել է Իրանի արևմտյան Քերմանշահի Իմամ Հասան ռազմաբազայի վրա։
Իսրայելի բանակը զենքի արտադրության օբյեկտների մոտ բնակվող իրանցիներին կոչ է արել տարհանվել։ Թեհրանի բնակիչները փորձում են լքել քաղաքն ապահովության համար՝ Իրանի մայրաքաղաքի վրա մշտական հարձակումների ֆոնին:
Իրանում բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև հաջորդ ծանուցումը, Իսրայելն էլ երկարացրել է արտակարգ դրությունը և սահմանափակումները մինչև հունիսի 30-ը։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 128 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։
Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալների ակտիվության մասին (երկուսը ձերբակալվել են Իրանի հյուսիսում)։
Թեհրանի հրետակոծության հետևանքով վնասվել է հայկական «Ալիք» թերթի խմբագրությունը, կոտրվել են ապակիները, հայտնում է «Փաստինֆոն»։ Մինչև վերանորոգումը թերթը կտպագրվի միայն առցանց։
Ի պատասխան՝ Իրանը նոր հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հարվածել են Հայֆային, Թել Ավիվին և Աշկելոնին։ Առայժմ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է 15 զոհի և 385 վիրավորի մասին՝ սրացումից ի վեր։
Մինչդեռ Իրանին աջակցող իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը Mehr գործակալության միջոցով զգուշացրել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին և պատրաստ է միջամտության դեպքում հարվածներ հասցնել ամերիկյան բազաներին ամբողջ աշխարհում։