Պեկինի ռազմավարությունը Կովկասում. Հայաստանը` որպես հանգույց, բայց ոչ լիարժեք գործընկեր
Հոկտեմբերի 07, 2025

Պեկինի ռազմավարությունը Կովկասում. Հայաստանը` որպես հանգույց, բայց ոչ լիարժեք գործընկեր

By Սեպտեմբերի 24, 2025 119

Հայաստանը Չինաստանի համար կարևոր կետ է Հարավային Կովկասում, սակայն Պեկինին դեռևս չի հաջողվել Երևանի հետ կառուցել խորը և երկարաժամկետ համագործակցություն: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը։

Նրա խոսքով՝ Պեկինը առանձնահատուկ քաղաքականություն է վարում Կովկասում։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, ավելի շատ երկխոսություն սկսելու փորձ էր, քան լայնածավալ փոխգործակցության սկիզբ:

Արևելագետի խոսքով` Չինաստանի գլխավոր հետաքրքրությունը լոգիստիկան է։

«Չինաստանի համար կարևոր է գնահատել ռիսկերը՝ կառուցելով մատակարարման այլընտրանքային ուղիներ։ Այս առումով Հայաստանը դիտարկվում է որպես պոտենցիալ հանգույց, որի միջոցով կշրջանցվի Ադրբեջանով և Թուրքիայով ավանդական երթուղին», - ասել է Մասլովը։ 

Փորձագետն ընդգծել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսության մեջ պայքարը տարվելու է լոգիստիկ ուղիների վերահսկողության համար: Հենց դրանք են թույլ տալիս ձևավորել ապրանքի վերջնական գինը։ Պեկինը, կախված լինելով արտաքին առևտրից, գիտակցում է, որ կարևոր է ոչ միայն արտադրել, այլև էժան տեղափոխել։

Չինաստանն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով արդեն ունի աշխատող երթուղիներ դեպի Եվրոպա։ Բայց սկզբունքային խնդիրը զուգահեռ մատակարարումները ավելացնելն է. որքան շատ ուղղություններ, այնքան քիչ կախվածություն և ցածր ռիսկեր: Այս համատեքստում Հարավային Կովկասը և, մասնավորապես, Հայաստանը Հյուսիսային ծովային ճանապարհի և Կենտրոնական Ասիայով անցնող միջանցքների հետ միասին դառնում է այլընտրանքային երթուղի։

Մասլովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Լեհաստանի հետ Չինաստանի վերջին սրացումը ցույց է տվել գոյություն ունեցող երթուղիների խոցելիությունը. այդ երկրի տարածքով մատակարարումները ցանկացած պահի կարող են արգելափակվել:

Բացի լոգիստիկայից, Պեկինը հետաքրքրված է նաև համագործակցության այլ ոլորտներով` մասնավորապես գյուղատնտեսությամբ: Չինական ընկերություններն արդեն ակտիվություն են դրսևորում Հայաստանի այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Շիրակն ու Գեղարքունիքը։

Բայց փորձագետը Երևանին կոչ է արել զերծ մնալ ավելորդ լավատեսությունից։ 

«Չինաստանը կարող է հզոր ներդրող լինել, սակայն Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի երկրների փորձը ցույց է տալիս, որ հաճախ հիասթափություն է լինում», - նշել է Մասլովը: 

2025 թվականի հուլիսին Հայաստանն ու Չինաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Թիենծինում անցկացված ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում:

Վրաստանը դարձավ Հարավային Կովկասի առաջին երկիրը, որը 2023 թվականին նմանատիպ համաձայնագիր կնքեց։ 2025-ի ապրիլին ռազմավարական գործընկերություն կնքվեց նաև Ադրբեջանի հետ։ Այսպիսով, այսօր Չինաստանը տարածաշրջանի բոլոր երեք երկրների ռազմավարական գործընկերն է։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025 16:00

Լրահոս