«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ֆիասկոն (հիշեցնենք՝ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, ապա 2025 թվականի հունվարի մեկից) մինչեւ հիմա ներդրված չէ:
Բացի այդ, չհիմնավորված եւ անարդյունավետ «բարեփոխումները», պետական պատվերի հետ կապված անվերջանալի եւ խորացող խնդիրները, առողջապահական համակարգի նկատմամբ հանրային ուժգնացող դժգոհությունները խառնաշփոթ են առաջացրել համակարգում:
Ի հավելումն այս ամենի` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում ձեւավորվել են լարված հարաբերություններ հենց կառավարող խմբի ներսում։ Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ի տարբերություն Ավանեսյանի, առողջապահության համակարգի հնաբնակներից է (նա առողջապահության նախարարությունում բաժնի պետ էր դեռեւս ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի նախարար եղած ժամանակ), շատ ավելի զգուշավոր բազմաթիվ հարցերում՝ քան Ավանեսյանը։ Լենա Նանուշյանն աստիճանաբար նվաճում է նախարարությունը՝ իր մտերիմներին տարբեր պաշտոնների նշանակելով եւ տարբեր մեթոդներով ազատվելով անձամբ իր նկատմամբ ոչ լոյալ տրամադրված կադրերից։ Այսպես, նա դեռեւս 2023 թվականին առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար նշանակեց իր ընկերուհուն՝ Ինեսսա Ասմանգուլյանին։
Նախարարության քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ 2020 թվականի տարեսկզբին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փորձառու տնօրեն Սամվել Գրիգորյանին եւ նրա պրոֆեսիոնալ թիմակիցներին ազատելը եղել է ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լենա Նանուշյանի նախաձեռնությունը։ Այսինքն` Լենա Նանուշյանն իր նշանակետերին հասել է այլոց ձեռքերով։ Նախարարությունում Նանուշյանի գործոնով են պայմանավորում նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից Արտավազդ Վանյանի հեռացումն ու նրան Ստեփան Աթոյանով փոխարինելը։
Լուրեր կան, որ Նանուշյանը Ահարոն Բարսեղյանին ապահովագրության ներդրման գործընթացում մասնակցությունից զրկելու համար ամեն ջանք գործադրում է՝ հետագայում Խարազյանին մի քանի հարյուր միլիարդ դրամ կապիտալ ունեցող հիմնադրամի ղեկավար կարգելու նպատակով։
Չպետք է մոռանալ, որ ապահովագրության ներդրման այսքան երկար ձգձգվող գործընթացն էլ պակաս եկամտաբեր գործ չէ այն ներդնողների համար։ Ավանեսյանը, կարծես, վերջապես հասկացել է, որ Նանուշյանն ու նրա թիմակիցները «թաքնված» պայքար են մղում իր դեմ։ Ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը հանկարծակի, անակնկալ կերպով մեկ օրվա ընթացքում հիմնավորապես փոխել է հոգեբուժարանների պետական պատվերի տրամադրման սկզբունքները, որն էականորեն նվազեցնելու էր հոգեբուժարանների ֆինանսավորումը՝ առաջացնելով աղետալի հետեւանքներ առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հոգեբուժական հաստատությունների համար։
Պարզվում է՝ հոգեբուժարանների ֆինանսավորման ձեւաչափի կտրուկ փոփոխությունը նախաձեռնել է պետական առողջապահական գործակալության ղեկավար կազմը Խարազյանի գլխավորությամբ՝ մանրամասն չտեղեկացնելով նախարարին, որ դրա արդյունքում հատկապես հոգեբուժարանների ֆինանսավորումն էականորեն նվազելու է։
Մամուլում հրապարակումներից հետո Ավանեսյանին իր հատուկենտ «հավատարիմները» գլխի են գցել, որ այդ «բարեփոխումը» կարող է դառնալ իր կարիերայի վերջին «բարեփոխումը», ինչից հետո վերջինս հրահանգել է վերադառնալ ֆինանսավորման նախկին մեխանիզմին։ Թե ինչով կավարտվեն այս «ներքին մարտերը», կապրենք՝ կտեսնենք:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով այս թեմաների վերաբերյալ:
Նախարարությունից արձագանքեցին. «Կադրերի նշանակումը իրականացնում է նախարարը՝ հաշվի առնելով ոլորտը համակարգող փոխնախարարի կողմից մասնագիտական որակների ներկայացումը եւ այլ հատկանիշներ: Բավական է նույն բամբասանքն ամեն շաբաթ վերարտադրեք: Ապահովագրության մասին կասեմ հետեւյալը. այդ ռեֆորմը ոչ թե լոկալ առողջապահական, այլ համապետական բարեփոխում է. ուստի մենք ամեն օր պատրաստվում ենք դրան` ամենայն մանրամասնությամբ եւ անհրաժեշտ լրամշակումներով», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ներքին անկայունության պայմաններում աշխատող նախարարությունից»: