«Հրապարակ». Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար
Հունիսի 12, 2025

«Հրապարակ». Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար

«Հրապարակ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար, վերջերս ձերբակալված Արմեն Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը՝ հետաքրքիր փաստ բացահայտեցինք:

Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2017-2022թթ. աշխատել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. աշնանը: Թե ինչպես է ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն աշխատել գոյություն չունեցած ՍՊԸ-ում, թերեւս կիմանա միայն նրան նշանակողը:

Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ այս կառույցում այնպիսի «բարդակ» վիճակ է եղել նախորդ ամիսներին, որ հնարավոր է Պետրոսյանի նշանակումն էլ գլուխ չգա, քանի որ նա էլ այս կամ այն կերպ առնչվել է յուրացումներին, ինչի համար 6 ամիս աշխատած նախկին պետը` Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, հիմա կալանավորված է։

Rate this item
(0 votes)

Լրահոս