Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»
Հոկտեմբերի 08, 2025

Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»

By Հոկտեմբերի 08, 2025 8

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին տարբեր հարթակներում։ Իր հարցազրույցներում անգամ նա անթաքույց ակնարկում է, թե գուցե ՔՊ-ին պետք չէր պատերազմական հանգամանքների ուսումնասիրությունը, ինչը միանշանակ արձագանքներ է առաջացնում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ՔՊ-ի ներսում։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս պահը որեւէ պատգամավոր չի դիմել ԱԺ գաղտնի բաժին` ծանոթանալու Անդրանիկ Քոչարյանի զեկույցին:

Հիշեցնենք, որ Քոչարյանը դեռ 2021 թվականից ձեւավորել էր աշխատանքային խումբ՝ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ուղղությամբ, սակայն արդյունքում բոլորից գաղտնի սկսեց աշխատել փորձագետների նեղ շրջանակի հետ՝ զեկույցը կազմելով առանց հանձնաժողովի մնացած անդամների ներգրավման։ Նա հրաժարվեց զեկույցը տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ ծանոթանալու համար։ Ավելի ուշ, երբ հանձնաժողովի ժամկետը, որն արդեն երկու անգամ երկարաձգվել էր, լրացավ 2023 թվականի մայիսի 3-ին, ԱԺ նախագահը հրաժարվեց այն քննարկման դնել ԱԺ լիագումար նիստում՝ նշելով կանոնակարգի խախտումը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում զեկույցի ներկայացմանը դեմ է եղել նաեւ կուսակցության ծանր հրետանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արդյունքում՝ Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը եւ ժամկետանց զեկույցը ուղարկվեցին ԱԺ արխիվ՝ առանց քաղաքական գնահատականի, առանց քննարկման, առանց հետեւանքների։

Այժմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը բանակցում է ՀԿ սեկտորի հետ՝ փորձելով կազմակերպել զեկույցի շուրջ քննարկումներ։ Միջազգային դրամաշնորհներով աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ կարծես թե պատրաստ են քննարկման առարկա դարձնել այդ զեկույցը։

Հիշեցնենք՝ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքները միանշանակ չէին ընդունվում քաղաքական դաշտում։ Ընդդիմադիրները բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները, իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր՝ մասնակցելով մեկ-երկու նիստի, հետագայում հրաժարվեցին շարունակել ներգրավվածությունը։ Արդյունքում, հանձնաժողովի աշխատանքը դարձավ բացառապես ՔՊ-ի ներքին քննարկման դաշտ, որտեղ ավելի շատ փորձ արվեց մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղքերից, քան իրականում ուսումնասիրել պատերազմի հանգամանքները:

Սակայն ՔՊ-ի ներսում, ինչպես պարզվում է, նույնիսկ այդ անձնազոհ մոտեցումը գնահատված չէ։ ՔՊ-ի երիտասարդ թեւը ի վերջո Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս