Ներկայացուցիչների պալատի անդամ Ալ Գրինը (դեմոկրատ՝ Տեխաս նահանգից) ԱՄՆ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու բանաձև է ներկայացրել՝ վերջինիս մեղադրելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ Կոնգրեսին չտեղեկացնելու և նրա թույլտվությունը չստանալու մեջ։ Դրա մասին գրում է The Hill պարբերականը։
Բանաձևի հեղինակը պնդում է, որ տեղի է ունեցել իշխանությունների տարանջատման սկզբունքն անտեսող «նախագահական լիազորությունների չարաշահում, ինչը ամերիկյան ժողովրդավարությունը վերածում է ավտորիտարիզմի»։
«Նախագահ Թրամփի՝ ուժի միակողմանի, չհրահրված կիրառումը՝ առանց Կոնգրեսի թույլտվության կամ ծանուցման, իշխանության չարաշահում է Միացյալ Նահանգների համար անմիջական սպառնալիքի բացակայության պարագայում, ինչը խորացնում է ամերիկյան ժողովրդավարության աստիճանական անկումը դեպի ավտորիտարիզմ», - ասված է Գրինի բանաձևում։