Կա՞ արդյոք Իրանից ռադիոակտիվ ճառագայթման ներթափանցման վտանգ. մասնագետների կարծիքը
Հունիսի 25, 2025

Կա՞ արդյոք Իրանից ռադիոակտիվ ճառագայթման ներթափանցման վտանգ. մասնագետների կարծիքը

Չնայած Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելաաամերիկյան հրթիռակոծության հասցրած վնասներին, ներկա պահին փոքր է հավանականությունը, որ հնարավոր ռադիոակտիվ ճառագայթումը կհասնի Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Ինչպես հայտնի է, հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ և թիրախավորելով Իրանի միջուկային օբյեկտները։ Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ–ն հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին` հայտարարելով, որ գործողության նպատակը Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելը կամ լրջորեն թուլացնելն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո գրանցվել են ավերածություններ, սակայն օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Նա, սակայն, զգուշացրեց, որ ռազմական գործողությունների հետագա շարունակությունը կհանգեցնի ռադիոակտիվ նյութերի արտանետման` Իրանի և հարակից երկրների համար վտանգավոր հետևանքներով, մարդկանց կյանքին սպառնացող վտանգներով։

«Հայաստանի ճառագայթային հետազոտությունների կենտրոնը և Ադրբեջանի համապատասխան ծառայություններն արդեն որոշակի չափումներ են իրականացրել Իրանի հետ սահմամերձ շրջաններում` Արաքս գետի հունով, և պարզել, որ ռադիոակտիվ ֆոնի որևիցե էական խանգարում չկա»,– ասաց մասնագետը։

Նա միաժամանակ չբացառեց, որ եթե իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածները շարունակվեն նաև Իրանի հյուսիսում` Հայաստանին ավելի մոտ գտնվող Թավրիզի և այլ քաղաքների օբյեկտների վրա, ապա ռադիոակտիվ թունավորման վտանգը կմեծանա։

«Երևույթը վերին աստիճան մտահոգիչ է, և, իհարկե, պետք է կողմերին կոչ անել ավելի զսպված և ավելի շրջահայաց վարք դրսևորել։ Կողմերին ասելով` նկատի ունեմ Իսրայելին և ԱՄՆ–ին»,– նշեց Մարջանյանը։
Նշենք, որ համաշխարհային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Իրանի միջուկային օբյեկտներից հարստացված ուրանի տեղափոխման մասին։

Արա Մարջանյանն Իրանի տարածքից ուրանը դուրս բերելու տարբերակը խիստ անհավանական է համարում։ Մինչդեռ Իրանի տարածքում դրա տեղափոխումը որևէ այլ վայր միանգամայն հնարավոր է համարում։ Նա շեշտում է, որ հարստացված ուրանի տեղափոխումը և անգամ հարստացված ուրանի հնարավոր արտահոսքը ճառագայթման բարձր վտանգ չեն առաջացնի։

«Հարստացված ուրանը գտնվում է գազային վիճակում` այսպես կոչված ուրանի հեքսաֆտորիդի ձևով, և մթնոլորտի հետ անմիջական շփման ընթացքում թանձրանում և նստում է գետնի վրա։ Այնպես որ հարստացված ուրանի մասնիկների մթնոլորտային տարածումը գրեթե անհնար է։ Մետաղական ուրանի դեպքում դա ընդհանրապես բացառվում է։ Այնպես որ այս պահին տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի համար ճառագայթման վտանգ չեմ տեսնում և դրա հավանականությունը գնահատում եմ ցածր»,– նշում է Մարջանյանը։

ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ռադիոէկոլոգայի բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Օլգա Բելյաևան ևս ներկա պահին ճառագայթման վտանգի հավանականությունը շատ ցածր է գնահատում` հիմնվելով առկա տեղեկատվության սեփական մասնագիտական վերլուծությունների վրա։

«Եթե գործ ունենք ուրանի հարստացման օբյեկտների և հատկապես օդից ռմբակոծությունների հետևանքով առաջացած շինությունների փլուզման հետ և ոչ թե միջուկային պայթյունների, որոնք այս պարագայում չեն կարող լինել, ապա շրջակա միջավայրի համար շատ մեծ վտանգ պիտի որ չլինի»,– ասում է մասնագետը։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահոսքերի դեպքում վտանգներին, նման ուսումնասիրության համար, Օլգա Բելյաևայի մեկնաբանմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել մետիորոլոգիական ցուցիչները` քամու ուղղությունը, արագությունը, օդային զանգվածների շարժը մոտակա օրերին, խոնավության մուտքը Իրանից Հայաստան և այլն։

Ուրանի տեղափոխման վտանգների հարցում ևս Օլգա Բելյաևան համակարծիք է Արա Մարջանյանի հետ` հիշեցնելով, որ թե՛ հարստացված, թե՛ բնական ուրանի, և թե՛ ուրանի հանքաքարի տեղափոխման համար աշխարհում գործում են անվտանգության սահմանված մեթոդներ, որոնք չեզոքացնում են շրջակա միջավայրի վրա բոլոր հնարավոր ռիսկերը։

«Աղտոտում իհարկե կլինի, բայց ոչ ռադիոակտիվ աղտոտում։ Օրինակ` կարող է հրդեհի հետևանքով օրգանական աղտոտում լինել։ Բայց ուրանից ռադիոակտիվ աղտոտման մասին մենք պետք է որ չխոսենք»,– կարծում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է գրունտային կամ մակերեսային ջրերի միջոցով ռադիոակտիվ նյութերի հնարավոր ներփթափանցմանը, այստեղ ևս, Օլգա Բելյաևայի խոսքով, ռիսկը գրեթե զրոյական է, քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը Իրանից բարձր է և ջրերը հոսում են Հայաստանից Իրան, ոչ թե հակառակ ուղղությաբ։

Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ռադիոէկոլոգայի բաժնի ղեկավարը Sputnik Արմենիային նաև հայտնեց, որ իրենց կենտրոնի 2 դիտակայանները` Արագածի և Երևանի, մինչ այս պահը ռադիոակտիվ ֆոնի բարձրացում չեն գրանցել։

Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ևս հայտարարել էր, որ 24/7 ռեժիմով կատարվող դիտարկումները հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն արձանագրել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար. Մասուդ Փեզեշքիան

Թեհրանում, Համադանում և Շիրազում ակտիվացել են Իրանի ՀՕՊ համակարգերը

Ինչ հետևանքներ կունենա Իրանի պարտությունը Հայաստանի համար. քաղաքագետը սցենարներ է թվարկում

Իրանը Ռուսաստանից նոր ՀՕՊ համակարգեր է խնդրել. The Wall Street Journal

Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին

Թրամփը հասել է նրան, ինչն ԱՄՆ ոչ մի այլ նախագահ չէր կարող պատկերացնել. Սպիտակ տուն

Իրանին հարվածելու համար Թրամփին իմպիչմենտ է սպառնում

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News

392 դրամ․ Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է արել հայկական դրամի և դոլարի փոխարժեքի վերաբերյալ

Իսրայելը հայտարարել է, որ Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթների համար

Որքան կկազմի Հայաստանի տնտեսական աճը. Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է արել

Իսրայելն ամբողջությամբ կբացի օդային տարածքը

«Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե