Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։
Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ, ցավակցություն հայտնել Իրանին՝ Գլխավոր շտաբի պետի, մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև նշել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և ընդգծել է առկա խնդիրները միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում՝ երկխոսության և դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը։
«Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի վրա հարձակումների համար»,-հավելել է Բայրամովը։
Վերջինս նաև ընդգծել է, որ Իրանի օդային տարածքի փակման պատճառով Ադրբեջանը պայմաններ է ստեղծել տարբեր երկրների և Իրանի ներկայացուցիչների՝ ցամաքային սահմանը հատելու համար։
Կողմերը նշել են դիվանագիտական ջանքերի վերսկսման կարևորությունը՝ հաշվի առնելով հակամարտության՝ ավելի լայն տարածաշրջան տարածման վտանգը։