Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
Le Figaro-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ ինքն ու Սթարմերն առաջարկում են մեկամսյա հրադադար՝ «հրադադար օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում»։
Մակրոնը նշել է, որ հրադադարը կլինի առաջին փուլը, իսկ խաղաղության ապահովման համար զորքերի տեղակայումը կլինի ավելի ուշ։
«Առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական տարածքում եվրոպական զորքեր չեն լինի: Հարցն այն է, թե ինչպես կօգտագործենք այս ժամանակը, որպեսզի փորձենք հասնել հնարավոր հրադադարի՝ բանակցությունների միջոցով, որոնք կտևեն մի քանի շաբաթ, իսկ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո տեղի կունենա զորքերի տեղակայումը»,- ասել է Մակրոնը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղեկացված է Մակրոնի և Սթարմերի նախաձեռնության մասին։ Հարցին, թե գիտի՞ արդյոք այս ծրագրի մասին, Զելենսկին պատասխանել է. «Ես ամեն ինչ գիտեմ»:
Լոնդոնում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիներին կոչ է արել կտրուկ ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի ավելի քան 3 տոկոսի։
Մինչ Բալթյան երկրները երկար ժամանակ կոչ էին անում ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսի, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում էր 5 տոկոս, սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի առաջնորդը նշում է նոր թիվ:
«Վերջին երեք տարիների ընթացքում ռուսները ծախսում են իրենց ՀՆԱ-ի 10 տոկոսը պաշտպանության վրա: Մենք պետք է պատրաստվենք նրան, ինչ կարող է լինել ապագայում՝ թիրախում ունենալով ՀՆԱ-ի 3-ից 3,5 տոկոսը»,- ասել է Մակրոնը ֆրանսիական Le Figaro օրաթերթին տված հարցազրույցում:
«Մենք պետք է Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրենք նորարարական ֆինանսավորում օգտագործելու համար։ Դա նշանակում է կամ ընդհանուր փոխառություններ, կամ կայունության եվրոպական մեխանիզմ։ Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է 200 միլիարդ եվրո, որպեսզի կարողանանք ներդրումներ կատարել», – ասել է նա։
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները 2 տոկոսով կբարձրացնեն դաշինքի ծախսերի ներկայիս թիրախային ցուցանիշը հունիսին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն փետրվարի 14-16-ը Մյունխենի անվտանգության համաժողովում POLITICO պարբերականին հայտնել է, որ նոր թիրախը «զգալիորեն ավելի մեծ» կլինի, քան 3 տոկոսը:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած և ուղիղ եթերով հեռարձակված լեռվակռվի ժամանակ չի դիմացել և 2 անգամ անջատել է հեռարձակումը: Այս մասին գրում է Bild-ը:
«Ես երկու անգամ անջատեցի հեռարձակումը, քանի որ չկարողացա նայել, թե ինչպես էին այնտեղ վերաբերվում Ուկրաինայի նախագահին», - ասել է Բերբոկը Caren Miosga թոք շոուի ժամանակ:
Թրամփի և Զելենսկու այս բախումը, ըստ նրա, անհրաժեշտ է դարձնում Ուկրաինային անհապաղ հատկացնել երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն, որը հաստատվել է, բայց դեռ չի ֆինանսավորվել Գերմանիայի կողմից։
«Մենք պետք է շտապ բարեփոխենք պարտքի արգելակը. Գերմանիան վերջապես պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Այս երեք միլիարդը պետք է անհապաղ փոխանցվի Ուկրաինային»,- դիմել է Բաերբոքը կանցլեր Օլաֆ Շոլցին։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։«Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։
Նշենք, որ նմանատիպ չնախատեսված այցերն ուսումնական հաստատություններ կլինեն շարունակական»,-նշվում է հաղորդագրության մեջ:
2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բաքվի բռնապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու հիմնարար իրավունքները ոտնահարող բազմաթիվ գործողություններ է կատարել․ Արցախի խաղաղ բնակչության 9-ամսյա շրջափակման, ցեղասպանական գործողությունների՝ էթնիկ զտման և տեղահանության՝ միջազգայնորեն ընդունված հանցագործություններին ավելացել է բռնազավթված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում ընթացող ապօրինի, արդարադատության ծաղր - դատավարությունը։ Գերիները Բաքվում ենթարկվում են կտտանքների և հոգեբանական խոշտանգումների, իսկ միջազգայնորեն ճանաչված բարերար Ռուբեն Վարդանյանի դատը վերածվել է ստալինյան հաշվեհարդարի։
Դեռևս դատավարությունից առաջ՝ ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր նկատմամբ իրականացվող իրավական և դատավարական անօրինությունները։ Այս օրերին մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներով Բաքվում ընթացող դատավարական կեղծիքը զուրկ է արդարադատության տարրերից․ ցուցադրաբար արհամարհվում են արդար դատաքննության հիմնարար սկզբունքները, առկա են բիրտ ուժի կիրառման, մարդու նվաստացման և լլկման երևույթներ։
Ռուբեն Վարդանյանը և բոլոր մյուս բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, հայ ժողովրդի ազգային գիտակցությունը նսեմացնելու նպատակով։
Ի նշան անօրեն դատավարության դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ է հայտարարել։ Փետրվարի 26-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ «Հայրս ենթարկվել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում հայտնում է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։
Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։ Առաջնորդվելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով՝ նրանք անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից։
Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող հանցագործությունները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի, մասնավորապես` «Գերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան երրորդ համաձայնագրի, մարդու իրավունքների վերաբերյալ դաշնագրերի ու համաձայնագրերի նորմերը և խարխլում են տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը։ Ուստի մենք՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպություններս,
Մենք դիմում ենք միջազգային մարդասեր, բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին և փաստաբաններին՝ խնդրելով նրան հասցնել հացադուլը դադարեցնելու մեր հորդորը։ Բաքվի բանտից մեզ հասցեգրած իր իսկ մարդասիրական խոսքով՝ «ամուր մնալու, դիմանալու և ճշմարտության հաղթանակին հավատալու» համար հարկավոր է լինել առողջ և շարունակել դիմակայել:
ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ, Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների իրականացվող ակցիայի մասնակիցներին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։ Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը ևս պատվիրակ է և չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը»,-ասաց Ամատունին։
Նրա խոսքով՝ իրենց տեսածը և արձանագրածը չեն կիսում հանրության, Հայաստանի իշխանությունների, ընտանիքի անդամների հետ.
«Դրանք վերաբերում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»,– հավելեց Ամատունին։
Մարտի 1-ից 3 անգամ թանկացել է Ֆրանսիայից Թուրքիա մեկնող աշխատուժի համար նախատեսված ինքնաթիռների տոմսերի հարկային վճարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոր կարգավորման համաձայն՝ Եվրոպայի յուրաքանչյուր երկիր, այդ թվում Թուրքիա իրականացվելիք թռիչքների տոմսերի հարկը 2.63 եվրոյից հասցվել է 7.40-ի:
Ընդգծվում է նաև, որ սա ոչ միայն հարկերի բարձրացման, այլև տոմսի ընդհանուր արժեքի թանկացման պատճառ է դառնալու:
Ավելի երկար թռիչքներ ենթադրող տոմսերի համար ավելի շատ հարկ է սահմանվել: Այպիսով, մինչև 5000 կմ տարածություն ենթադրող թռիչքների էկոնոմ դասի տոմսերի հարկը կազմում է 15, ավելի երկար տարածության թռիչքների պարագայում՝ 40 եվրո:
Բիզնես և առաջին դասի տոմսերը նույնիսկ հասնում են մինչև 120 եվրոյի:
Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից երկրի տարածքի բռնակցումը, նույնիսկ եթե դա լինի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։
Ըստ Զելենսկիի, որի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը, նման համաձայնությունն ապագայում կարող է հանգեցնել լարվածության։
Չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներն իրեն են պատկանում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար դա միշտ լինելու է «ժամանակավոր օկուպացիա»։
Նա այն կարծիքն է հայտնել, որ Ուկրաինային աջակցող կամ միջնորդներ լինել ցանկացող երկրները հասկանում են, որ եթե հակամարտությունն ավարտվի ոչ այնպես, ինչպես ճիշտ է համարում Կիևը, ապա մարդիկ ժամանակի ընթացքում կցանկանան վերականգնել արդարությունը։
«Մենք չենք ցանկանում ոչինչ, ինչը մեզ չի պատկանում», – վստահեցրել է նա:
Ավելի ուշ Զելենսկին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ երկրին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե մշտական պատերազմ, այդ պատճառով էլ Կիևն ասում է, որ «անվտանգության երաշխիքները դրա բանալին են»։
«Մոտ ապագայում մենք բոլորս Եվրոպայում կձևակերպենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն սահմանները, որոնց պետք է հասնենք և այն սկզբունքները, որոնց հարցում մենք չենք կարող զիջումների գնալ։ Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ամուր և տևական խաղաղությունը, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու պատշաճ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը քննարկել են խաղաղության պլանը, որն ուղղված է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև շփումների վերականգնմանը:
Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։
Միացյալ Թագավորությունում մարտի 2-ին տեղի է ունեցել Եվրոպայի ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա կարգավորման ուղիները։
Լոնդոնում հանդիպմանը մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ռումինիայի ղեկավարները, Կանադայի վարչապետը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահը։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որին նաև մասնակցում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրանց միջև հրապարակային վիճաբանություն տեղի ունեցավ:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը նշել է, որ Զելենսկիի քննադատական մեկնաբանություններն ամերիկյան վարչակազմի հասցեին «չափազանց անհարգալից են»։