Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ ոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Գարունը իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան։
Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»։
Երեկ ուշ երեկոյան Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «DAF» բեռնատարին, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Հրդեհը մարվել է ժամը 21։42-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր բարեհամբույր ու քաղաքավարի լինել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման առաջին կես ժամվա ընթացքում, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նա փորձում էր բարի և սիրալիր լինել Զելենսկու հետ, նույնիսկ երբ վերջինս հեգնական արտահայտություններ էր թույլ տալիս Թրամփի հասցեին, նույնիսկ երբ ասում էր բաներ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ չէին: Նախագահը պարզապես փորձում էր դիվանագիտորեն մոտենալ»,- հայտնել է Վենսը՝ հավելելով, որ բանակցությունների ձախողումից հետո ուկրաինական պատվիրակության կողմից Թրամփի հետ բանակցությունները շարունակելու առնվազն մեկ փորձ է եղել, սակայն Թրամփը մերժել է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Կիևին տրամադրվող ռազմական բոլոր տեսակի օգնությունները։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը և Fox News-ը։
Միացյալ Նահանգները կասեցնում է Ուկրաինային տրամադրվող ընթացիկ ռազմական օգնությունը, քանի դեռ նրա ղեկավարությունը չի ցուցաբերում խաղաղությանն իր հանձնառությունը, պարզաբանում է գործակալությունը՝ վկայակոչելով Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյային: Սպիտակ տանը տեղի ունեցած բանավեճից հետո Թրամփը հայտարարել է, որ Կիևը կարող է վերադառնալ Վաշինգթոնի հետ բանակցություններին, եթե Վլադիմիր Զելենսկին հաստատի, որ խաղաղություն է ցանկանում։
Ըստ աղբյուրի՝ խոսքը վերաբերում է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարումների դադարեցմանը, այդ թվում՝ Լեհաստանով տարանցիկ զենքին, ինչի հետ կապված՝ Թրամփը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հրաման էր տվել։
«Սա օգնության վերջնական կասեցում չէ, այլ՝ դադար»,- Fox News-ին հայտնել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել «Արմենպրես»-ում: «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են:
Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ:
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջեւան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է:
Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել:
Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:
Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ:
Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել:
Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ Արեւմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում:
Արեւմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել:
Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել և շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել:
Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել:
Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար:
Ադրբեջանը նաեւ հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք Արեւմտյան Ադրբեջան-Նախիջեւան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է:
Բայց նաեւ հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում:
Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը:
Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչու է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները:
Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,- նշված է հոդվածում:
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանն ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։
Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։
«47-ամյա Վարդան Յուրիկի Ղուկասյանը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության (ICE) կալանքի տակ՝ Լաս Վեգասում, Նևադա նահանգում: Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին և տեղափոխվել կալանքի՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը»,- ասել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։
ICE-ի պատասխանի համաձայն՝ միգրացիոն կանոնները խախտելու մեջ մեղադրվող օտարերկրացիները օգտվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներից, այդ թվում՝ փաստաբանի օգնության իրավունքից, արտաքսման մեղադրանքները վիճարկելու, ապացույցներ ներկայացնելու կամ ուսումնասիրելու հնարավորությունից։ «Չնայած կառավարությունը փաստաբան չի տրամադրում՝ ձերբակալված անձինք կարող են օգտվել Արդարադատության նախարարության տրամադրած իրավաբանական ծառայությունների ցանկից և Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի իրավական ծրագրերից։ Միգրացիայի հարցերով դաշնային դատավորները, որոնք գործում են Արդարադատության նախարարության Ներգաղթի վերահսկման գործադիր գրասենյակի (EOIR) շրջանակներում, վարում են դատական գործընթացները՝ ապահովելով իրավական պատշաճ ընթացակարգը։ ICE-ի աշխատակիցները, իրենց հերթին, իրականացնում են միգրացիայի դաշնային դատավորների կողմից ընդունված արտաքսման որոշումները։ Կալանավայրերում տրամադրվում է շաբաթական առնվազն հինգ ժամ հասանելիություն իրավաբանական գրադարանին, ինչպես նաև ամենօրյա հանդիպումներ փաստաբանների հետ՝ սահմանված ժամանակացույցով։ Ձերբակալված անձինք նաև կարող են օգտվել անվճար տեսազանգից կամ վճարովի զանգեր կատարել հատուկ հարթակների միջոցով։ Միգրացիայի կանոնների խախտումների դեպքում ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է վարչական և դատական կարգով հարցի լուծում, իսկ որոշ դեպքերում՝ արտաքսման ընթացակարգ»,- ասված է պատասխանում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1,19 շենքեր, Ներքին Չարբախ 5 փողոց 3 նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարբախ 15 փողոց 3 նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 5, 6, 7, 12, 13, 15 փողոցներ,
11։00-17:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքեր, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկա, «Մեդտեխնիկա Պլյուս» ՓԲԸ, Բայրոնի փ. 1/1, 3, 2/1, 4, 6, 10/5 շենքեր, Սայաթ Նովայի պող. 3, 4, 5, 6, 7, 19/1, շենքեր, Տերյան փ. 55/1, 57, 59, 65, 65ա շենքեր, «Կենտրոն» վարչական շրջանի շենք միակողմանի, Թումանյան փ. 21, 30, 32, 34 շենքեր, Տերյան փ. 42, 89, 91 շենք, Աբովյան փ. 5, 7 շենքեր, «Ֆոտոմաստեր» ՍՊԸ, Կորյունի փ. 19 շենք, Իսահակյան փ. 28 շենք, Բաշինջաղյան փ. 6, 159, 159/1, 161, 163 շենքեր, Կարապետյան փողոց մասնակի, Բաբաջանյան փ. 157, 159, 163, 165, 167 շենքեր, Իսակովի պող. 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 44/5, 46 շենքեր, Դավթաշեն 4 թաղ․ 1, 2, 3, 4, 5, 6 45, 46, 47, 48 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 7, 9, 10, 11, 13 փողոցների առանձնատներ, Նորք 9 փողոց 85/6 շենք, Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց, Նորք 6 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 1 փողոց 56-142, 96-114; 3 փողոց 4 -22, 24-25; 8 փողոց 1-86; 10 փողոց 1-11; 11 փողոց 1-17 առանձնատներ,
Արարատի մարզ՝
10։00-11։30 Աբովյան գյուղ մասնակի,
10։00-13։00 Վեդի քաղաք՝ Կոմիտասի փողոց մասնակի, Արարատ քաղաք՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Սերոբ Աղբյուրի, Գրիբոյեդովի փողոցներ մասնակի, Արալեզ գյուղ մասնակ,
10։00-16։00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ և Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,
12։00-13։30 Վարդաշեն գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
11։00-17։00 Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամուս գյուղ մասնակի,
12:00-15:00 Հրազդան քաղաք՝ Կոճոռ և Երիտասարդական թաղամասեր, Շահումյան, Ավետիսյան, Նարեկացու փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
11։00-16:00 Երանոս գյուղն ամբողջությամբ,
11:00-16։50 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսպիթալիթի» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,
Սյունիքի մարզ՝
10:00-11:30 Քաջարան քաղաք՝ Շիրվանզադեի փ. 4, 5 շենքեր:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Զելենսկուն․
«Զելենսկիի հայտարարությունը, թե պատերազմի ավարտը շատ հեռու է, ամենավատն է, որ նա կարող էր անել։ ԱՄՆ-ն չի համակերպվելու դրա հետ։
Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Եվրոպան էլ ուղղակի հայտարարում է, որ չի կարողանա գլուխ հանել առանց ԱՄՆ-ի։ Սա ՌԴ-ի դեմ ուժի ցուցադրության լավագույն տարբերակը չէ։ Ի՞նչ են մտածում, ընդհանրապես»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այօսր աշխատանքի է գնացել մետրոյով։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»,-տեսանյութին կից գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին տրանսպորտով էր երթևեկել։