Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել, տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Այսօր՝ առավոտյան ժամը 4-ին, անօդաչուների զանգվածային հարձակում է եղել Մոսկվայի ու Մոսկվայի շրջանի վրա։ Այս պահին հայտնի է միայն Լենինյան քաղաքային շրջանում և Դոմոդեդովոյում մեկ զոհի և երեք վիրավորի մասին»,- գրել է նա։
Վորոբյովը հայտնել է, որ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Ռամենսկի շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի վրա, որտեղ վնասվել է 19–ից 22-րդ հարկերում գտնվող առնվազն յոթ բնակարան։ Նշված բնակարաններից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանց մի մասը տեղավորվել է հարևան գիմնազիայում, մյուսներն այժմ բարեկամների մոտ են ապաստանել։
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո» օդանավակայանում։ Ավելի վաղ հաղորդվել էր ժամանակավոր սահմանափակումների մասին նաև մոսկովյան «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում։
«Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն, արդեն իսկ վերսկսել են էլեկտրագնացքների շարժը դեպի Մոսկվա, իսկ առաջիկա ժամերին ընթացքում երթևեկությունն ամբողջապես կվերականգնվի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից հետո։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
«Զելենսկին նամակ է ուղարկել նախագահին, նա ներողություն է խնդրել ամբողջ միջադեպի համար, որը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում։ Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր, և շատ քննարկումներ եղան մեր թիմերի և ուկրաինացիների և եվրոպացիների միջև, ովքեր նույնպես ներգրավված են այս քննարկման մեջ»,- ասել է Ուիթկոֆը, նշելով, որ Զելենսկու ներողությունն «առաջընթաց» է համարում։
Այս շաբաթ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայի հետ: Ներկա են եղել նաեւ կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:
Հիշեցնենք․ ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։ Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը: Համարյա մեկ տարի է՝ մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։
Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Նա նախատել է ուսապարկերին, որ պետք է այդ մասին ակտիվ իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան։ Ի դեպ, վերջին շաբաթներին ՔՊ-ականներն ակտիվ այցեր են կատարում հատկապես Սյունիք: Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անցած շաբաթ 2 այց է կատարել եւ հանդիպել կուսակիցների հետ: Նրանց ինստրուկտաժ է արել, որ նրանք էլ իրենց հերթին սյունեցիներին վախեցնեն պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիեւն ու Էրդողանը հասկացել են, թե ինչպես ստանան իրենց ուզածը` Նիկոլին պատերազմով վախեցնելով»։
Մանրամասները՝ այստեղ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մարտի 11-ին Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։
Ուկրաինայի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների, ում կառավարությունը միջնորդ դեր է խաղում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։
Ավելի վաղ Զելենսկին հրապարակել էր պատվիրակության կազմը, որը մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։
Ըստ աղբյուրների՝ ամերիկյան պատվիրակության կազմում պետք է լինեն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Իսրայելի արտգործնախարարության աղբյուրներին հղում տալով՝ մամուլը գրում է, որ Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարեկան զորավարժությանը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Թուրքիան, մասնավորապես, խոչընդոտել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Կայունություն և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն» խորագրով տարեկան զորավարժությանը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի որոշումները սովորաբար կոնսենսուս են պահանջում, և առանց Իսրայելի հետ ակտիվ գործընկերային համաձայնագրի հնարավոր չէ Թուրքիային պարտադրել թույլ տալ Իսրայելի մասնակցությունը դաշինքի պաշտոնական գործունեությանը։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից հանելու ջանքերն արագանում են:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ճիշտ է այս ուղղությամբ իր պահանջներում, և որ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի վնասում դաշնակցային հարաբերություններին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա համարում է ԱՄՆ – ին Դոնալդ Թրամփի օրոք դաշնակից, ֆոն դեր Լեյենն ասել է.
«Իհարկե, ԱՄՆ-ն և ԵՄ-ն դաշնակիցներ են։ Բայց դա չի նշանակում, որ այն մոդելը, որը մենք որդեգրել ենք վերջին 25-30 տարիների ընթացքում կամ ավելի շատ, դեռ ճիշտ է: ԱՄՆ-ը կրում է պաշտպանության համար պատասխանատվության մեծ մասը: Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը, մենք պետք է կատարենք մեր պարտականությունները»,- ասել է նա։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Այս տարի այն կնշվի ապրիլի 20-ին։ Մեծ պահքը մեկնարկել է մարտի 3-ին։
Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ-Ղանին հայտարարել է երկրի ծովափնյա շրջաններում նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին՝ շեշտելով, որ պետական կառույցները այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը՝ անցնելով կյանքի բնականոն ընթացքին։ Այս մասին հայտնում է Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթը։
Սիրիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հավելել է, որ հաջորդ փուլում երկրի անվտանգության ծառայությունները պետք է ջանքեր գործադրեն՝ ապահովելու մարդկանց անվտանգությունը։ Նա վստահեցրել է, որ այս համատեքստում մշակվել են նոր ծրագրեր՝ նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ պայքարն ավարտելու համար, և պաշտպանության նախարարությունն աշխատում է վերացնել ապագա սպառնալիքները և կանխել քրեական տարրերի վերակազմակերպումը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Գյումրի հերթական անգամ ապացուցեց այն իրականությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք․ գործող իշխանությունն ամբողջությամբ կտրված է ժողովրդից և չունի հանրային աջակցություն։
Այն պատկերն, ինչին ականատես եղանք, վկայում է, որ հասարակության մեծ մասը այլևս չի վստահում այս կառավարությանը, իսկ Փաշինյանի քաղաքականությունը հիմնված է բացառապես ստի, մանիպուլյացիայի և կեղծիքների վրա։
Գյումրիում հնչած դժգոհությունները ևս մեկ անգամ ընդգծեցին ժողովրդի հիասթափությունն ու իշխանության անկարողությունը՝ լուծելու երկրի առջև ծառացած հիմնախնդիրները։ Տնտեսական անորոշությունը, արտաքին քաղաքականության ձախողումները, անվտանգության սպառնալիքներն ու ազգային շահերի զիջումը ժողովրդի առջև հաշվետվություն պահանջող խնդիրներ են, որոնց պատասխանները այս կառավարությունը չունի։
Հետևաբար, անհրաժեշտ է քաղաքական պատասխանատվության ենթարկել գործող իշխանության ներկայացուցիչներին և պահանջել բացատրություն՝ թե՛ երկրի ներսում իրականացվող աղետալի քաղաքականության, թե՛ պետական շահերի զիջման համար։ Հայաստանի ապագան պահանջում է արդյունավետ, ազգային շահերից բխող նոր քաղաքականություն, որը կկարողանա վերականգնել երկրի անվտանգությունն ու ժողովրդի վստահությունը»։
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամները՝ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ հատկապես պատմական հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող քայլերը:
Կարևորվել է ՀՀ-ում արցախցիների արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը՝ թե իրավական և թե սոցիալ-հոգեբանական ոլորտներում:
Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյության ու գործունեության կարևորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում»: