Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել:
Քիչ անց ըստ վարորդի հայտարարության ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրել մի քանի գազախողովակների հենասյուներ, ապա գազատար խողովակը, ինչից սկսվել է գազի արտահոսք ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվում զրուցարանի մոտ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, ցանկացել են մի փոքր զվարճանալ։ Այսպես է մեկնաբանել Ելիսեյան պալատի ներկայացուցիչը համացանցում տարածված տեսանյութը, որում առաջին տիկինն ինքնաթիռից դուրս գալուց առաջ «հարվածում» է նախագահի դեմքին, գրում է rbc.ru-ն՝ Liberation-ին հղումով։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն էլ հավելել է, որ միջադեպն աննշան է և չպետք է քննարկումների առիթ դառնա:
Հիշեցնենք, որ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը «հարվածել» է ամուսնու դեմքին. ինքնաթիռի դուռը շատ շուտ է բացվել, և համացանցում հայտնվել են «անհարմար» կադրեր: Տեսախցիկների ֆիքսած կադրերը բուռն քննարկումների առիթ են տվել սոցցանցերում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ստամբուլում ուղիղ բանակցությունների ժամանակ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են երկու երկրի նախագահների Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման շուրջ: Այս մասին Ադրբեջանում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան:
Դիվանագետն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել է Ստամբուլում երեք կարևոր ձեռքբերումների մասին, որոնցից մեկը Պուտինի և Զելենսկու հանդիպումն է:
«Եթե հանենք ուկրաինական պատվիրակության համար կարդացված բոլոր կեղծ պատմական դասախոսությունները, ապա կարող ենք նշել երեք կարևոր ձեռքբերում. առաջինը ռազմագերիների փոխանակման գործընթացը, որն ավարտվեց մայիսի 25-ին: Երկրորդ արդյունքը ռուսական և ուկրաինական կողմերի համաձայնությունն է խաղաղ կարգավորման կոնկրետ առաջարկների մշակման վերաբերյալ։ Եվ երրորդ ձեռքբերումն այն է, որ պատվիրակությունները պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին։ Այսինքն՝ խոսքը Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին է։ Սակայն ուկրաինական օրակարգի առանցքային հարցը մնում է զինադադարը։ Ուկրաինան հավատարիմ է իր պարտավորություններին: Եկել է դիվանագիտության, դիվանագիտական ջանքերի առավելագույն մոբիլիզացման ժամանակը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, դա կլինի հիմնական թեման»,- համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ «այնուամենայնիվ, Ֆիդանը գալիս է Լավրովի հետ բանակցելու»։
«Այս բանակցություններում, իհարկե, քննարկման հիմնական թեման լինելու են երկկողմ հարաբերությունները։ Եվ, իհարկե, ուկրաինական հարցի շուրջ կարծիքների փոխանակումը պարտադիր կլինի», - ասել է նա։
Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նա նախատեսում է Սերգեյ Լավրովի հետ քննարկել տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։
Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իսրայելի բանակն այժմ վերահսկում է Գազայի հատվածի 77%-ը։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat պարբերականը։
«Տեղեկատվությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ Իսրայելի օկուպացիոն բանակը փաստացի վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի ընդհանուր աշխարհագրական տարածքի 77 տոկոսի նկատմամբ՝ թե՛ ցամաքային ներխուժումների, թե՛ բնակելի տարածքներում օկուպացիոն ուժերի տեղակայման, թե՛ հարկադիր վտարման քաղաքականության միջոցով», – նշվել է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ երկու ամսվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 950 երեխա։
«Գազայի երեխաներն անհավանական տառապանքներ են ապրում», – նշվել է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անկլավում զոհերի թիվը մոտենում է 54 000-ի։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 53 939-ի, իսկ վիրավորների թիվը՝ 122 797-ի։
Axios լրատվական կայքը հաղորդել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը վարչապետ Բենիամին Նեթանյահուին ավելի վաղ զգուշացրել էր, որ Գազային մարդասիրական օգնության արգելափակումը կհանգեցնի Իսրայելի մեկուսացման դաշնակիցներից։
Ալբանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բավական կառուցողական է ընթացել, երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները Խաղաղության պայմանագրի ստորագման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,-ասաց նա։
Կոստանյանն ընդգծեց, որ հանդիպման կարևորությունը սուրճի սեղանը չէր, այլ փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումներն ընդհանուր խաղաղության օրակարգի և պայմանագրի կնքման գործընթացն առաջ մղելու շուրջ։
Այսօր ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը՝ ի պատիվ բոլոր զինվորական տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հայրենի երկրին ծառայելու ընթացքում, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Հիշատակի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է։
Հայաստանը Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց պոտենցիալ շուկա: Այսօր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։
Նա շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի սահման։ Իրանն էլ իր հերթին պատրաստ է անցուղի տրամադրել դեպի Պարսից ծոց։
«Իրանը միակ երկիրն է, որը կապում է Պարսից ծոցն ու Կասպից ծովը, իսկ Պարսից ծոցն ու Կասպից ծովն ընդգրկում են աշխարհի ավանդական էներգետիկ ռեսուրսների՝ գազի և նավթի գրեթե 70 տոկոսը։ Այս կապը նշանակում է, որ մենք կարող ենք տրամադրել տնտեսապես խելացի և լավ ուղիներ ամբողջ Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց իրանցի նախարարը։
Ռուսական զորքերը վնասել են ուկրաինական ռազմական օբյեկտները և ուկրաինական բանակի տեղակայման վայրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հարվածներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների և հրետանու միջոցով։
«Վնասներ են հասցվել ռազմական օդանավերի ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին, հարձակողական անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի 152 շրջաններում ժամանակավոր տեղակայման կետերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերով կմեկնի Սլովակիա։ Այս մասին նա այսօր հայտարարեց Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հայաստանի վարչապետը նշեց, որ Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը չնայած լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով նրանք վերցրել են մի քանի առաջնորդող ուղղություններ և, կենտրոնանալով դրանց վրա, փորձելու են նոր հնարավորություններ բացել երկկողմ հարաբերությունների համար։