Թուրք ընդդիմադիր գործիչը բանտում հացադուլ է սկսել

Նա իր գործողությունն անվանել է «Արդարության հացադուլ»

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Էրեն Էրդեմը բանտում հացադուլ է սկսել,- այս մասին գրում է artigercek.com կայքը:
Անցյալ տարվա հունիսից  բանտում գտնվող թուրք քաղաքական գործիչը, որը մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «մասնագիտության բերումով ստացված պետական գաղտնիքը բացահայտելու» համար, իր ակցիան անվանել է «արդարության հացադուլ»:
Էրդեմն իշխանությունների կողմից վաղուց փակված «Քարշը» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն է եղել, հենց այդ ժամանակահատվածում էլ թերթը հրապարակել է Թուրքիայի՝ այն ժամանակ դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսային խոսակցության սղագրությունը, որը կապված է Էրդողանին մոտ մի շարք պաշտոնյաների շուրջ զարգացած կոռուպցիոն մեծ սկանդալի հետ:
Այս տարվա հունվարի 7-ին Էրեն Էրդեմը դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, սակայն նույն օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հակառակ որոշում էր կայացրել, և ընդդիմադիր գործիչը կրկին ձերբակալվել էր հենց բանտի մուտքի մոտ:
Էրդեմի փաստաբան Օնուր Ջինգիլը հայտնել է, որ Էրդեմը հացադուլ է սկսում` «Թուրքիայի և ամբողջ աշխարհի առաջ անարդարության մասին» բարձրաձայնելու համար: