Երևանը հայտնվել է իրենց կենսամակարդակով լավագույն քաղաքների վարկանշային ցուցակի 167-րդ հորիզոնականում

Երևանը ետևում է թողել Թբիլիսիին ու Բաքվին

Numbeo ծառայությունը, որը զբաղվում է վիճակագրական տարբեր տվյալների ուսումնասիրությամբ և համարվում աշխարհում ամենածավալուն տվյալների բազաներից մեկը, ներկայացրել է իրենց կենսամակարդակով լավագույն քաղաքների վարկանշային ցանկը:
Ցուցակում, որտեղ հայտնվել է 226 քաղաք, տեղ է գտել նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը. նրան բաժին է հասել 167-րդ հորիզոնականը: Ընդ որում՝ Երևանն այս ցուցակում զգալիորեն ավելի բարձր դիրքում է, քան հարևան Թբիլիսին և Բաքուն, որոնք դիրքավորվել են, hամապատասխանաբար, 172-րդ և 197-րդ հորիզոնականներում:
Ցուցակում տեղ է գտել նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան՝ հայտնվելով 191-րդ հորիզոնականում: Նրան է հաջորդել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը: 
Հատկանշական է, որ ռուսական քաղաքների շարքում առաջատարն է Նիժնի Նովգորոդը, որը զբաղեցրել է 109-րդ տեղը: 
Կենսամակարդակն ամենաբարձրն է համարվել Ավստրալիայի Կանբերրա քաղաքում: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել նիդեռլանդական Էյնդհովենը, իսկ եռյակը եզրափակել է ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում գտնվող Ռոլին:
Ցուցակում տեղ են գտել նաև կանադական Օտտավան ու Վիկտորիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, գերմանական Մյունխենը, Համբուրգն ու Ֆրանկֆուրտը, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, Աբու Դաբին (ԱՄԷ), թուրքական Բուրսան, Անկարան, Իզմիրն ու Ստամբուլը, Քաթարի մայրաքաղաք Դոհան և բազմաթիվ այլ քաղաքներ: