Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է մեծահարուստ գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը, «Ազատությանը» փոխանցեց վերջինիս փաստաբան Կարեն Բատիկյանը:
Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին, սակայն դեկտեմբերի 27-ին դատարանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակել նրան՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը։ Փաստաբանների պնդմամբ, Մայրապետյանը ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունի, որը Հայաստանում բուժել հնարավոր չէ: Չնայած դրան՝ գործարարը չէր կարողացել մեկնել բուժման, քանի որ ՀՔԾ֊ն հրաժարվել էր վերադարձնել նրա անձնագիրը:
Այսօր ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Եվրադատարան, և ստրասբուրգյան դատարանը արդեն իսկ հարցեր է ուղղել Հայաստանի արդարադատության նախարարությանը:
0Comments