Բելգրադում լայնամասշտաբ բողոքի ակցիա է․ ցուցարարները փողոցներ են փակել

Մանրամասներ
4

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր լայնամասշտաբ բողոքի ակցիա է անցկացվում։ Ցուցարարները փակել են Իշխան Միլոշի և Միլան Արքայի փողոցները Սերբիայի նախագահի նստավայրի մոտ։ Մի քանի հարյուր ցուցարար է առավոտվանից հավաքվել քաղաքի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ուսանողների և ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիան համաձայնեցված չէ: Նախագահը նախազգուշացրել է, որ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն հարձակվել ընդդիմախոսների վրա՝ անկախ նրանից խոսքը ընդդիմության, թե իշխանության կողմնակիցների մասին է: Նա կոչ է արել ոստիկանությանն ուժ չկիրառել, բացի ծայրահեղ դեպքերից։

Հիշեցնենք, որ Սերբիայում ուսանողների և ընդդիմության բողոքի ակցիաները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբերից: Դրանք սկսվել են Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետեւանքով 15 մարդու մահվան պատճառով։

Հիմնականում ուսանողներից կազմված շարժման մասնակիցները պահանջում էին պատշաճ հետաքննություն անցկացնել ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

Այժմ արդեն առաջարկում են ինքնակազմակերպվել ու փոխել, իրենց խոսքերով, կոռումպացված պետական կառավարման համակարգը։ Իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ ցուցարարների պահանջները կատարված են, իսկ բողոքի ակցիաները շարունակելու նպատակը երկրում «գունավոր հեղաշրջում» իրականացնելն է։