Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Մի քիչ երկար ստացվեց, բայց հուսով եմ պատկերացրածս կփոխանցեմ ձեզ
Տարվա սկիզբը լավ ժամանակ է նպատակներ դնելու ու պլաններ գծելու համար։
Գիտեմ, որ շատերը հենց էդպես էլ սկսում են, մտքերը տալիս են թղթին կամ գրում սառույցին, քչերն են քայլում դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Կամ առաջին իսկ քայլից ասում են, որ դժվար է, բարդ է, անհնարին է ու հենց օրորոցում խեղդում նպատակի իրականություն դառնալը։
Ու էդպես տարիներն անցնում են. մեծամասնությունն ասում է վաղը կսկսեմ ու էդպես վաղը դառնում է անցյալ ու էդպես տարիներն անցնում են ու շատերիս երազանքը մնում է անցյալում։ Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով, մենք ամեն օր հետ ենք նայում, բայց մարդու աչքերը գլխի հետնամասում չեն, պետք է առաջ նայել սիրելիներս։
Երբեք մի պատճառաբանեք, որ ուրիշները հաջողակ են, ճակատագիրը նրանց ժպտացել է իսկ ձեզ ոչ, ամեն ինչ ձեր ձեռքերում է, սկսեք իրագործել ձեր նպատակները, նվնվալով ձեր կյանքն եք վատնում, երբ բողոքի առիթ ունեք, նախևառաջ փորձեք ինքներդ այլ կերպ ապրել, ու գործով փոխել վիճակը. փնթփնթալով մեր շրջապատն ու աշխարհն ավելի լավը չենք դարձնում։
Այո, սա ես եմ ասում, ով տարիներ առաջ փնփնթալով ու բախտն անիծելով էր զբաղված, ով հետո հասկացավ, որ դրանով ոչինչ չի փոխի, միակ ճանապարհը գիտելիքներ ձեռք բերելու, նպատակներ դնելու ու այն իրագործելու ճանապարհն է։
Հիշեք, բոլոր ճանապահները դժվար են, բայց անհնարին չեն
Սկսեք տարին նպատակներով ու իրականացրեք ոչ մի խոչընդոտի առաջ չկանգնելով։ Եթե կամք կա, կա նաև ճանապարհ»։
0Comments