Գազի գնի հարցում Ռուսաստանն այնուամենայնիվ չի կարողանա զիջել և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին

ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամ երկրներին միմյանց են կապում ոչ թե հարաբերությունները, ընդհանուր արժեքները, այլ Ռուսաստանի արտոնությունները

«Գազի գնի հարցում և՛ Հայաստանին, և՛ Բելառուսին Ռուսաստանը չի կարողանա զիջել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով դեկտեմբերի 27-ին Փաշինյան-Պուտին բանակցություններին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առկա խնդրին:

Հիշեցնենք, որ մինչ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա, երեկ Մոսկվայում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ հայտարարել էր, թե Ռուսաստանում Բելառուսն այլևս եղբայրական պետություն չեն համարում, քանի որ հայտնվել են նոր մարդիկ, որոնց համար դա անընդունելի է:

«Ես այլևս չեմ ասում՝ եղբայրական պետություն, քանի որ, ինչպես ինձ են հաղորդում, Ռուսաստանում դա չի ընդունվում: Իբր թե նոր մարդիկ են եկել, որոնց համար այդ հասկացությունն անընդունելի է: Դե ինչ, կլինենք պարզապես գործընկերներ»,- հայտարարել էր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ համագործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ: Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ 2018թ. կողմերը ծրագրում էին լուծել գազի գնի հետ կապված խնդիրը և քննարկել Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տալու հարցը:

Բելառուսի ղեկավարը նշել էր, որ Մոսկվան այդպես էլ Մինսկին ընդառաջ չի գնացել: Մոսկվան Լուկաշենկոյի դիրքորոշման հետ չի համաձայնել:

Հետաքրքրական է, որ Լուկաշենկոյի այցը Մոսկվա տեղի է ունենում Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, և, որ ամենակարևորն է` Ռուսաստանի գործընկեր երկու պետությունների համար կա երկու գլխավոր հարց, որոնց հարցում Հայաստանն ու Բելառուսը լուրջ տարաձայնություններ ունեն Ռուսաստանի և միմյանց հետ`  գազի գին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն:

Ալեքսեյ Մալաշենկոն նշեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս բոլոր թեմաները կապված են միմյանց հետ, և այստեղ բնականաբար բոլոր երկրներից զիջումներ են պահանջվում` և՛ Ռուսաստանից, և՛ Բելառուսից, և՛ Հայաստանից:

«Բավականին հետաքրքիր իրավիճակ է, երբ այս բոլոր հարցերի կարգավորումն ըստ էության կախված է Ռուսաստանից, և այս բոլոր հարցերի ուղղությամբ Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մի երկրի սրտով չէ, քանի որ ըստ էության այդ հարաբերություններն իրական գործընկերային հիմքերի վրա չեն, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամ երկրներին միմյանց են կապում ոչ թե հարաբերությունները, ընդհանուր արժեքները, այլ Ռուսաստանի արտոնությունները, և կրկին երբ խնդիր է ծագում, Ռուսաստանը պետք է լուծի խնդիրը՝ այս կամ այն երկրին մի արտոնություն շնորհելով:

Իսկ այս դեպքում երկու երկրի համար կա երկու հարց, Ռուսաստանում տնտեսական իրավիճակն այնքան էլ խոստումնալից չէ, որ երկրին մերժել, որ երկրի պահանջն ընդունել, սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռ հստակ չի ուրվագծվում: Այնուամենայնիվ, վստահաբար սրանք հարցեր են, որոնք շանտաժի առարկա են դարձել, իսկ քաղաքական հարաբերություններում շանտաժի միջոցով խնդիրների կարգավորումը երկար չի կարող շարունակվել»,- ասաց Մալաշենկոն: Սակայն այս փուլում, ըստ նրա, Ռուսաստանը որոշ զիջումներ պետք է անի:

Անդրադառնալով կոնկրետ հայ-ռուսական օրակարգին՝ Մալաշենկոն ասաց, թե չի կարծում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հօգուտ Հայաստանի որոշում կկայացվի, քանի որ առաջինը՝ դա ավելի կխորացնի Բելառուսի հետ դիմակայությունը, երկրորդ` սկզբունքային խնդիր է հարուցվել Հայաստանի կողմից, որից կարելի էր խուսափել:

«Ռուսաստանը չի կարող մի գործընկերոջ հաշվին հօգուտ մյուսի որոշում կայացնել: Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այս հարցում և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին զիջել Ռուսաստանն այնուամենայնիվ չի կարողանա: Մի իրավիճակում, երբ ՌԴ նախագահն ընտրություններից հետո չի շնորհավորել, և հարաբերություններում որոշակի անորոշություն կա, սպասել ընդառաջ քայլեր Ռուսաստանից՝ սխալ կլիներ: Սակայն ՌԴ նախագահի վերջին դիտարկումները հույս են ներշնչում, որ կառուցողական քննարկումներ կծավալվեն հայկական կողմի հետ առաջիկայում, գուցե գազի գինն անփոփոխ մնա, թեև կան խոսակցություններ այն մասին, որ այն բարձրանալու է»,- ասաց Մալաշենկոն: