Ռուսաստանը պատրաստ է ցանկացած սցենարի. Կա հակվածություն պահպանել ներկայությունը Ղարաբաղում

Մանրամասներ
Խաղաղապահ պուտին ալիև

168am-ի ՌԴ մերձդիվանագիտական աղբյուրն ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ երկխոսություն է ընթանում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ։

Ըստ զրուցակցի, եթե Ադրբեջանի հետ փոխըմբռնում ձեռք չբերվեր, ապա խաղաղապահները ստիպված կլինեին լքել Լեռնային Ղարաբաղը գոնե հունվարի 1-ին:

«Թեև ԼՂ-ում հայեր չեն մնացել, խաղաղապահները կշարունակեն մնալ գոնե մինչև 2025 թվականը, ինչն առանցքային ամսաթիվ է Ռուսաստանի Դաշնության համար, կփորձեն անվտանգության ապահովման որոշակի մեխանիզմներ ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ և ապրել իրենց տներում։

Այս հարցը կունենա իր ամրագրումը նաև Խաղաղության համաձայնագրի, այսպես ասած, ռուսական տարբերակում, եթե վերջնարդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները բանակցեն ՌԴ ԱԳՆ հովանու ներքո։

Ռուսական առաջարկը կրկին շատ հստակ է, ու այդ մասին եղել են ակնարկներ ՌԴ նախագահի կողմից, որ համաձայնագրի արևմտյան տարբերակում չի խոսվում ընդհանրապես Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքի մասին, ինչն ավտոմատ կերպով նշանակում է, որ այս հարցը ռուսական կողմը չի անտեսում։

Այո, բազմաթիվ հարցեր կան խաղաղապահներին, սակայն ռուսական կողմի հետ աշխատելու պարագայում կան որոշ հնարավորություններ Ղարաբաղի բնակչության համար, իսկ Արևմուտքի համար հարցը լիարժեքորեն լուծված է, մնացել են Հայաստան-Ադրբեջան տիրույթի որոշ հարցեր, Արևմուտքի գլխավոր նպատակը, որ հարցը պարզապես լուծվի, թե ինչպես՝ դա էական չէ։

Իսկ ռուսական տարբերակը հայկական կողմին կտա հնարավորություններ, այսինքն՝ նրանց, ում համար կարևոր է ԼՂ հայկական բնակչության պահպանումը և հայկականության պահպանումը։

Բնականաբար, առանց բնակչության դա հնարավոր չէ։ Ուստի կարծում եմ՝ մի քանի հնարավոր տարբերակներից ռուսական կողմը որոշ փակագծեր կբացի հայկական կողմի համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, ՌԴ-ում հասկանում են նաև, որ առանց անվտանգության իրական երաշխիքների, ամուր պայմանավորվածությունների՝ հայ բնակչությունը չի կարող վստահ լինել անվտանգության հարցում։

«Ուստի այս հարցն ամենաբարդն է, և ընթանում են բանակցություններ։ Եթե առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն առանցքային պայմանավորվածություններ ձեռք բերվեն խաղաղության համաձայնագրի շուրջ, ռուսական կողմը մարտավարությունը կփոխի։

Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳՆ-ում պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն կա հակվածություն պահպանել ներկայություն Ղարաբաղում»,- ասաց մեր զրուցակիցը։