Հայկ Մարությանն արձագանքել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությանը

Քաղաքապետարանը, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը պատրաստ են շարունակել համագործակցությունը Փաստաբանների պալատի հետ հանուն յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանության

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը  խոչընդոտելու դեպքերը:

Քաղաքապետին դիմելու առիթ էր հանդիսացել փաստաբան Նելլի Մովսիսյանի կողմից 04.02.2019թ. ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված դիմումը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեության իրականացմանը՝ արգելելով, որպես վստահորդի ներկայացուցիչ, մասնակցելու հանձնաժողովի նիստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ՀՀ փաստաբանների պալատը 12.02.2019 թվականին ստացել է Երևանի քաղաքապետարանի գրությունը, որով Երևանի քաղաքապետարանը վերահաստատել է իր հանձնառությունը ապահովելու փաստաբանների մասնակցությունը, մասնավորապես խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին:

Գրությամբ նաև նշվել է, որ քաղաքապետարանը, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը պատրաստ են շարունակել համագործակցությունը Փաստաբանների պալատի հետ հանուն յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանության:

Գրությամբ անդրադարձ է կատարվել նաև փաստաբան Նելլի Մովսիսյանի հետ կապված միջադեպին, որի մասին փաստաբանը գրությամբ տեղեկացվել է: