ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է

Մանրամասներ

ա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք:  

Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը  չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:  

Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։ 

Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։ 
Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից  տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ  ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: 

Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե