Վարչապետի կողմից բանակին վերաբերող թվեր հրապարակելը անվտանգության առումով սխալ է. փորձագետ

Կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ մտահոգություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ

Անվտանգության առումով վարչապետի կողմից բանակին վերաբերող թվերի հրապարակումը սխալ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ մտահոգություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ:

«Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդալուց հետո առաջին բանը, որ մտքիս եկավ, այն էր, որ անվտանգության առումով հաջող միտք չէ թվեր հրապարակելը: Իհարկե, այդ գրառման մեջ խոսքը ՀՀ ԶՈւ-ում ծառայող բոլոր ժամկետային զինծառայողների մասին չէ, բայց սովորաբար հետախուզություններն աշխատում են հետևյալ կերպ՝ հակառակորդը առանձին-առանձին հավաքում է թեկուզ ամենամանր տվյալները և այդ տվյալները կարող է հետագայում օգտագործել մեր դեմ»,-ասաց Վրթանեսյանը:

Ըստ նրա՝ նման մանր տվյալները իրար կողքի շարելիս ստացվում է մի  ընդհանուր պատկեր, որի միջոցով հնարավոր է  շատ կարևոր ինֆորմացիաներ իմանալ:

Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով.  «Այսօր շատ կարևւոր խորհրդակցություն ունեցանք ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգի վերաբերյալ: Այս պահին այս համակարգով արդեն իսկ սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում»:

Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ լավ կլինի  խուսափել ժամկետային զինծառայողների հետ կապված թվեր հրապարկելուց. «Ընդ որում՝ դեռ մեծ հարց է՝ արդյո՞ք կարիք կա ինչ-որ քննարկման ժամանակ հնչած թվերը միանգամից հանել և հրապարակել: Ինձ համար դա անսովոր ոճ է»,-եզրափակեց նա: