Արտակարգ իրավիճակ. Չեղարկվել է նաեւ հուլիսի 29-ի՝ նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը

Որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Հայաստանի ԱԳՆ-ին ինն ամսում հատկացնել 47,198.8 հազար դրամ

A&R tour ընկերության միջոցով Հուրգադա մեկնած ու Երևան վերադառնալ չկարողացող քաղաքացիների վերադարձն ապահովելու համար կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում մեկ հարց է՝ բյուջեից գումարի տրամադրումը՝ «SpotAir» ընկերությանը փոխանցելու համար։

Որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Հայաստանի ԱԳՆ-ին ինն ամսում հատկացնել 47,198.8 հազար դրամ:

ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության կողմից ներկայացրած հիմնավորման մեջ նշված է.

«Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունակա «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։

Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:

ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական «SpotAir» ընկերության հետ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ (ս.թ. հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին)։ Ս.թ. հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47.121 դոլար:

Ս.թ. հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար «SpotAir» ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծված անելանելի իրավիճակը, նպատակահարմար ենք համարում համաձայնվել «SpotAir» ընկերության ներկայացրած պայմաններին»։