Նոր խորամանկ առաջարկ՝ Մոսկվայից

Սենատորների ներկայացրած օրինագծով նախատեսվում է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սենատորներ Ռիկ Սկոտը և Թոդ Յանգը սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Պատժամիջոցների կիրառման պատճառն այն է, որ Անկարան, անտեսելով Վաշինգտոնի հորդորները, այդպես էլ չհրաժարվեց ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին պայմանագրից։

Սենատորների ներկայացրած օրինագծով նախատեսվում է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ Օրինագծում նշվում է, որ Թուրքիայի կողմից S-400-ների գնումը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի անվտանգության համար։ Պահանջվել է վերանայել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը և այդ նպատակով ՆԱՏՕ-ին կոչ է արվել հրավիրել ժողով։

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության Բոբ Մենդերեսի կարծիքով Թուրքիայի դեմ պատժամիջոցները չպետք է սահմանափակվեն միայն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում համակարծիք է նաև հանրապետական սենատոր Թիմ Սկոտը։ Նա նշել է, որ Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտման դեպքերը։

Նկատենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը դադարեցնում է F-35 ինքնաթիռների վաճառքը Թուրքիային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը՝ նշելով, որ Անկարան այլևս չի կարող ակնկալել ամերիկյան F-35 ինքնաթիռներ: ԱՄՆ նախագահը Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանագիրն անվանել է «անարդարացի»:

Նա հիշեցրել է, որ Անկարան պատվիրել էր 100 F-35 ինքնաթիռ: Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան այդ գործարքի պատճառով «այլևս չի կարող գնել» դրանք: «Նրանք շատ կոշտ իրավիճակում են: Եվ մենք ԱՄՆ-ում նույնպես հայտնվել ենք կոշտ իրավիճակում: Բայց ընդհանրապես մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստվում էր գնել ամերիկյան Patriot համակարգերը, սակայն Բարաք Օբամայի աշխատակազմը հրաժարվեց վաճառել Թուրքիային այդ համալիրները:

Ավելի վաղ Պետքարտուղարությունում հայտարարել էին, որ ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը՝ կապված C-400-ների գործարքի հետ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև չորս դիվիզիոն С-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2017թ., գործարքի արժեքը կազմել էր 2.5 միլիարդ դոլար: Գործարքի մի մասը Թուրքիան ինքը պետք է վճարի, մյուս մասը կծածկվի ռուսական վարկով: Ուրբաթ Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումը: Ընդհանուր առմամբ չորս օրում Մյուրթեդի ավիաբազա է իջել 13 օդանավ՝ С-400-ի բաղադրիչներով:

Ահա, Սպիտակ տնից հայտարարության ֆոնին, թե Թուրքիայի որոշումը՝ Ռուսաստանից գնել C-400 հրթիռային համակարգեր, անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին, ռուսական կողմը ուշագրավ հակաքայլ արեց. Ռուսաստանի պետական «Ռոստեխ» կորպորացիան պատրաստ է Թուրքիային մատակարարել Սու-35 կործանիչներ՝ թուրքական կողմից համապատասխան հետաքրքրվածության դեպքում, հայտարարել է կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: «Եթե Թուրքիայի մեր գործընկերները հետաքրքրություն ցուցաբերեն, մենք պատրաստ ենք սկսել Սու-35-ի մատակարարումները»,- ասել է նա:

Ռուսները Թուրքիային էլ ավելի են փորձում իրենք կողը քաշել՝ բացահայտ ԱՄՆ-ի քայլերին հակազդելով:

Մետաքսյա Շալունց

hayeli.am